Հայաստանի երեխաների առողջության հիմադրամի պաշտոնական բացումն ազդարարվում է խորհրդանշական օրը: Մոտ տասը տարի պահանջվեց, որպեսզի Արմեն Մարտիրոսյանն ու ընկերները բարեգործական առաքելությունը սոցցանցայինից հասցնեն պաշտոնական մակարդակի: Հիմնադրամի տնօրենը 11 տարի է բարեգործական գործունեություն է ծավալում:
Արմեն (Արմոս) Մարտիրոսյան («Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի» հիմնադիր տնօրեն) - 11 տարվա ընթացքում օգնել ենք մոտ 400-ից ավելի երեխաների՝ ամենատարբեր խնդիրներ ունեցող երեխաներ են եղել՝ սրտի խնդիր ունեցող, քաղցկեղ ունեցող, արյան խնդիր ունեցող, երիկամ-լյարդ փոխպատվաստման կարիք ունեցող:
70.000 մարդ, աշխարհի տարբեր երկրներից մոտ 5 մլն դոլար է նվիրաբերել տարբեր դրամահավաքներին: Սկզբում ամեն երեխային օգնելու համար խմբեր էին ստեղծում, գումարը հավաքում ու հանձնում հարազատներին: Տարիների ընթացքում նաև հասկացան, որ օգնությունը ճիշտ հավաքելու ու բաշխելու համար պետք է ստեղծել համակարգված մեխանիզմ:
Արմեն (Արմոս) Մարտիրոսյան - Կարող ես օգնել մեկ երեխայի, 10, 20, 100, բայց ընդհանուր համակարգի վրա ազդեցությունը այդքան էլ մեծ չի լինի և մի խումբ ընկերներով, որոնք տարիներ շարունակ ամեն մեկը իր կարողությունների սահմանում օգտակար է եղել երեխաներին, համախմբվել ենք՝ Արտակ Բեգլարյանի՝ Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար, ներկայումս պետնախարար, իր նախագահությամբ՝ խորհրդի նախագահն է ինքը, համախմբվել ենք և ստեղծել ենք այս հիմնադրամը, նպատակ ունենալով բոլոր այս դրամահավաքները դարձնել ավելի պրոֆեսիոնալ, ավելի համակարգված և շատ կարևոր, փորձելով ներդրում ունենալ ինստիտուցիոնալ համակարգի զարգացմանը:
Գործունեության շրջանակը որոշել են ընդլայնել, օրենսդրական փոփոխությունների առաջարկներից մինչև բուժհաստատությունների տեխնիկական վերազինում ու բժիշկների վերապատրաստում: Գործարկել են նաև HFC.am կայքը, որի միջոցով յուրաքանչյուրը կարող է գումար փոխանցել, այլ տարբերակ էլ կա՝ նվիրատվություն կատարել 2828 կարճ համարին հաղորդագրություն ուղարկելով:
Արմեն (Արմոս) Մարտիրոսյան - Այս գումարները կծառայեն բոլոր այն երեխաների բուժման ֆինանսավորմանը, որոնք կունենան կարիք՝ քրոնիկ շնչառական հիվանդություններ ունեցող երեխաների, իմունային անբավարարություն ունեցող երեխաների, որոնց գումարները մեծ չեն, իսկ էն դեպքերում, երբ որ պետք կլինի քաղցկեղ ունեցող երեխաների համար հավաքել ենթադրենք 100 կամ 150 հազար դոլար, մենք արդեն ստեղծել ենք թիմ, որի օգնությամբ պետք է կազմակերպենք պրոֆեսիոնալ դրամահավաքներ:
Հավաքված 5 մլն դոլարի մեծ մասը կուտակվել է 5-10 դոլար նվիրատվություններով: Մենք բոլորս այս հարթակի մասնիկն ենք, նշում է Մարտիրոսյանը և կոչ անում՝ պարզապես անտարբեր չլինել: