Մոսկվայի և Վաշինգտոնի օրակարգերը նախագահների հանդիպումից առաջ չեն համընկնում: Հարցին, թե Մոսկվան պատրաստ Է արդյոք առաջիկա գագաթնաժողովում քննարկել մարդու իրավունքները, Ռուսաստանի փոխարտգործնախարարը պատասխանել է, որ տարաձայնություններ կան, բայց Մոսկվան պատրաստ է արձագանքել ամերիկյան կողմի բոլոր հարցադրումներին: Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ կցանկանար այդ թեման քննարկել Պուտինի հետ: ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը տեղի կունենա հունիսի 16-ին՝ Ժնևում:
-----
Մայիսի 30-ին Հունաստան է ժամանել Թուրքիայի արտգործնախարարը: Մայիսի 31-ին Մևլյութ Չավուշօղլուն հանդիպել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ: Կողմերը պատրաստակամություն են հայտնել հարաբերություններում դրական օրակարգ առաջ մղել՝ հատկապես տնտեսական ոլորտի համագործակցության հարցում։ Թուրք նախարարի հետ մինչ այդ զրուցել է Հունաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Նիկոս Դենդիասը: Կողմերը քննարկել են հունիսին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Հունաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը կազմակերպելու հնարավորությունը: Ավելի վաղ Հունաստանը կոշտ է արձագանքել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե պաշտոնական Աթենքն Արևմտյան Թրակիայում ապրող փոքրամասնություններին և թուրքերին չի շնորհում քաղաքացիական հավասար իրավունքներ: Հունաստանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակը հայտարարել է, որ պնդումն անհիմն է, և Թուրքիան անընդհատ խեղաթյուրում է ճշմարտությունը:
-----
Կորոնավիրուսի դեմ պատվաստման ամբողջական դեղաչափ ստացած անձինք պետք է ազատվեն թեստերից և կարանտինից՝ Եվրամիության ներսում ուղևորությունների ժամանակ՝ Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ արդարադատության հանձնակատարը: Դիդիե Ռեյնդերսը հավելել է, որ երրորդ երկրների պատվաստված քաղաքացիները կկարողանան ԵՄ-ում Քովիդ-վկայագրեր ստանալ, համապատասխան մեխանիզմն արդեն մշակվում է:
Դիդիե Ռեյնդերս, ԵՄ արդարադատության հանձնակատար - Հավաստագիր ունեցող պատվաստված անձինք պետք է ուղևորությունների ժամանակ ազատվեն թեստավորումից կամ կարանտինից՝ վերջին դեղաչափն ընդունելուց 14 օր անց: Դա նաև տարածվելու է կորոնավիրուսով վարակվածների և ապաքինվածների վրա, որոնք, սակայն, պատվաստանյութի մեկ դեղաչափ են ստացել:
-----
ԱՄՆ-ի բնակիչների գրեթե 41 տոկոսը պատվաստվել է COVID-19-ի դեմ: 2 դեղաչափ պատվաստանյութ է ստացել ավելի քան 135 միլիոն ԱՄՆ քաղաքացի: Մեկ պատվաստում է ստացել 167,7 միլիոն բնակիչ: Մայիսի սկզբին նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ նպատակ ունեն մինչև ԱՄՆ-ի Անկախության օրը՝ հուլիսի 4-ը, թեկուզև մեկ դեղաչափով պատվաստել չափահաս բնակչության 70 տոկոսին:
-----
Գերմանիայի առողջապահության նախարարն էլ հայտարարել է, որ երկրի բնակիչների ավելի քան 40 տոկոսը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ և ավելի քան 17,7 տոկոսն ամբողջական իմունիտետ է ձեռք բերել կորոնավիրուսի դեմ:
----
Վրաստանն այցելուների համար հունիսի 1-ից բացում է ցամաքային սահմանները: Երկիր մուտք գործելիս քաղաքացիները պետք է PCR թեստի բացասական պատասխանով փաստաթուղթ ունենան: Կարգը գործելու է ինչպես ցամաքային սահմաններին, այնպես էլ օդանավակայաններում: Նախկինում այցելուները միայն պատվաստման ամբողջական կուրսի մասին տեղեկանք էին ներկայացնում: Ինչ վերաբերում է չպատվաստված օտարերկրացիներին, նրանք նույնպես կարող են Վրաստան գալ ցամաքային ու օդային ուղիներով՝ ունենալով թեստի բացասական պատասխանի մասին փաստաթուղթ: Երկրում գտնվելու 3-րդ օրը պարտավոր են կրկնակի թեստ հանձնել` վրաստանյան կլինիկաներից մեկում: Երկիրը լքելիս օտարերկրացիները պետք է ունենան երկրորդ թեստի բացասական պատասխանը, հակառակ դեպքում կտուգանվեն: Եթե այցելուն Վրաստանում գտնվելու ընթացքում հիվանդանում է կորոնավիրուսով, նրա բուժման ծախսերը հոգում է զբոսաշրջային ապահովագրությունը: Վրաստանի պաշտոնյաները նախապես հայտնել էին, որ երկրի ցամաքային սահմանները բացվելու են պաստվաստման ամբողջական փուլն անցած և թեստի բացասական պատասխան ունեցող այցելուների համար: