Հայոց ցեղասպանության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու գործընթացի ձախողումը կանաչ լույս է վառել նման հանցագործությունները շարունակական դարձնելու համար: Այս մասին Միացյալ Թագավորության Լորդերի պալատում «Ցեղասպանություն: Մեղավորներին պատասխանատվության ենթարկում» թեմայով քննարկումների ժամանակ հայտարարել է բարոնուհի Քերոլայն Քոքսը:
«Հայոց ցեղասպանությանը միջազգային հանրության արձագանքի անհաջողությունը Հիտլերին քաջալերել է Հոլոքոստ իրականացնել իր տխրահռչակ արտահայտությամբ՝ «Ո՞վ է այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»»,- հայտարարել է Քերոլայն Քոքսը:
Բարոնուհին հավելել է, որ բրիտանական կառավարությունը դեռևս հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ոչինչ չի անում Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ Թուրքիայի ու Ադրբեջանի իրականացրած ցեղասպանության անպատժելիությունը դադարեցնելու համար:
«Հուսով ենք, որ համարժեք պատասխան կլինի Ադրբեջանի՝ Հայաստանի ինքնիշխան տարածք վերջին ներխուժմանը, որի հետևանքով զոհվել ու գերեվարվել են հայ զինվորականներ»,- նշել է Քերոլայն Քոքսը: