COVID-19 համավարակով պայմանավորված՝ կարող են ի հայտ գալ մի շարք նյարդաբանական խնդիրներ: Արդեն իսկ բոլորին ծանոթ են հոտառության և համի զգացողության խանգարումները COVID-19-ով հիվանդների շրջանում։ Վարակի ժամանակ դիտվում են ինչպես համի և հոտառության կորուստ, այնպես էլ կարող են լինել համի և հոտառության աղավաղում։ Ըստ նոր տվյալների՝ հայտնի են նաև համի և հոտի աղավաղման ինչպես երկարաժամկետ փոփոխություններ, այնպես էլ ուշացած դրսևորումներ: Նաև որոշ հիվանդներ նշում են ականջների խշշոցը (tinnitus)՝ հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Հատուկ ուշադրություն պետք է դարձվի մի շարք ախտանիշների, ինչպես ընդհանուր՝ գլխացավ, գլխապտույտ, մկանացավեր, հոգնածություն, այնպես էլ ավելի տիպիկ դրսևորումների։ Համի և հոտառության կորուստը, տեսողության խանգարումները, գիտակցության մակարդակի փոփոխությունները, գլխապտույտը, ատաքսիան, էպիլեպտիկ ցնցումները արտառոց նշաններ են, որոնք չպետք է անտեսվեն։
Հայտնի են դեպքեր, երբ դիտվել են կենտրոնական նյարդային համակարգի խանգարումներ՝ ուղեղանոթային խանգարումներ կաթվածի (ինսուլտ) տեսքով, ուղեղի թաղանթների և ուղեղանյութի բորբոքում, էպիլեպտիկ ցնցումներ, ինչպես նաև քիչ չեն ծայրամասային նյարդային համակարգի բարդությունները:
Քանի որ COVID-19-ը էապես բարձրացնում է թրոմբոզների՝ արյան մակարդման խանգարումների ռիսկը, ապա հատկապես վտանգավոր է կաթվածը (ինսուլտ), ինչպես նաև՝ գանգի երակածոցերի թրոմբոզը։
Հարկ է նշել, որ վերջինս, ըստ որոշ հետազոտությունների, մոտ 10-ն անգամ ավելի շատ է հանդիպում COVID-19-ի ժամանակ, քան որոշ պատվաստանյութերից։ Կարող են դիտվել նաև ներգանգային արյունազեղումներ։
Հոտառության և համի զգացողության փոփոխությունները հաճախ հիմք են հանդիսանում դեպրեսիվ խանգարումների զարգացման։ Կաթվածը և բորբոքային երևույթները կարիք ունեն շտապ բուժման, այդ պարագայում հնարավոր է խուսափել անցանկալի բարդություններից։
Միաժամանակ, COVID-19-ով վարակվածները շատ հաճախ գանգատվում են տրամադրության տատանումներից, տագնապային ֆոնն է աճում, սկսվում կամ բարդանում է նաև անքնությունը։ Հետքովիդային համախտանիշ են նույնիսկ առանձնացնում, որտեղ մեծ տեղ է զբաղեցնում ընդհանուր ասթենիզացիան, թուլությունը, հոգնածությունը, նյարդահոգեկան ախտանիշները, ուշադրության և հիշողության վատացումը և այլն։
Հատկանշական է, որ ինքնամեկուսացումը նշանակալի ազդել է առողջ բնակչության քնի և քնի խնդիրների վրա։ Ըստ կատարված հետազոտության` COVID-19 համավարակի ժամանակ ինքնամեկուսացման շրջանում նշանակալիորեն աճել են անքնության դեպքերը, անհանգիստ ոտքերի համախտանիշը՝ ինչպես նոր դեպքերի տեսքով, այնպես էլ հաճախականության աճով։ Դիտվել են քնի ռեժիմի խանգարումներ և քնից ընդհանուր բավարարվածության նվազում։ Տրամադրության խանգարումները ևս նկարագրվել են մասնակիցների կողմից` որպես տագնապայնության և դեպրեսիայի հանդիպելիության աճ։
«Հիշեցնենք, որ կանխելով բուն վարակը` մենք էապես նվազեցնում ենք վերոնշյալ բոլոր բարդությունների ռիսկը։ Իսկ դրան կարող ենք հասնել միայն պատվաստվելով»,- ասվում է ՀՀ ԱՆ հաղորդագրության մեջ: