Համավարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամն իր բացասական ազդեցությունն է ունեցել հարկային եկամուտների վրա: Հարկային եկամուտները նախորդ տարվա համեմատ նվազել են շուրջ 5.4 %-ով, սակայն հարկային եկամուտների վերանայված ծրագրով նախատեսված ցուցանիշն ապահովվել է: Այս մասին ՀՀ 2020 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ԿԲ եզրակացությունը ներկայացնելիս ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ հավելելով, որ հարկային եկամուտների նվազումը պայմանավորվել է նաև հաշվետու տարվա երկրորդ եռամսյակում իրականացված՝ շահութահարկի գծով հիմնարար փոփոխություններով:
ԿԲ նախագահի խոսքով՝ 2020 թվականին պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա համեմատ աճել են 16.3 %-ով, ինչը հիմնականում պայմանավորված է եղել կորոնավիրուսի համավարակի ու ռազմական դրության հետ կապված սոցիալական նպաստների, այլ ծախսերի, դրամաշնորհների և ոչ ֆինանսական ակտիվների, ինչպես նաև կենսաթոշակների գծով ծախսերի աճով:
«Շահութահարկի գծով հարկային վերանայումներով և պետբյուջեի ծախսերի ավելացմամբ ուղեկցվող հակացիկլիկ հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում 2020-ին հարկաբյուջետային քաղաքականությունն էական խթանող ազդեցություն է ունեցել համախառն պահանջարկի վրա. հարկաբյուջետային ազդակը կազմել է 5: Վերջինիս նշանակությունը կարևորվել է հատկապես տնտեսության առավել տուժած ճյուղերի ներուժի, այդ ճյուղերում զբաղվածության և տնտեսական հեռանկարների պահպանման, ինչպես նաև ընդհանուր մակրոտնտեսական միջավայրի կայունության տեսանկյունից: 2020 թվականին հակաճգնաժամային միջոցառումների ֆինանսավորումը Կառավարության կողմից իրականացվել է պետական պարտքի կանխատեսվածից զգալի ծավալների ներգրավմամբ: Իրականացված հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում պետական բյուջեի պակասուրդն աճել է՝ հասնելով ՀՆԱ-ի 5.4 տոկոսի, իսկ Կառավարության պարտքի բեռը ՀՆԱ-ի նկատմամբ մոտ 13.5 տոկոսով ավելացել է և կազմել 63.5 տոկոս՝ հատելով հարկաբյուջետային կանոններով սահմանված 60 տոկոս շեմային ցուցանիշը»,- ասաց Գալստյանը: