ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հրամանով հաստատված ժամանակացույցի համաձայն՝ Տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2021թ. ապրիլին ստուգումներ է իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի մի շարք համայնքներում, այդ թվում՝ Արագածավան միավորված համայնքում։
Համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննությունից մի շարք խախտումներ են հայտնաբերվել։ Դրանից բացի՝ պարզվել է, որ մի շարք ընկերություններ շրջանցել են օրենքի մի շարք պահանջներ։
Մասնավորապես, «Արագած պեռլիտ» ԲԲԸ-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 05.12.2012 թ. տրվել է 79,8 հա մակերեսով լեռնահատկացման ակտ։ Դրա գործողության ժամկետը եղել է մինչև 08.03.2020 թ.։ Հիմք ընդունելով 03.05.2017 թ. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հրամանը՝ ժամկետը երկարացվել է մինչև 05.12.2041 թ., և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 24.12.2015 թ. հրամանում 79,8 հա մակերեսը փոխվել է 80,43 հա մակերեսի: Սակայն մինչ ստուգման պահը ԲԲԸ-ն համայնքային սեփականություն հանդիսացող 80.4հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ ընդերքի օգտագործման համար գործառնական նշանակության հողամասում զբաղվում էր ընդերքարդյունահանմամբ՝ առանց սահմանված կարգով համայնքի հետ հողամասի նկատմամբ որևէ իրավունքի պետական գրանցման հավաստող փաստաթղթի՝ պայմանագրի առկայության։
«Արթվան» ՍՊԸ-ն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 29.08.2017 թ. լեռնահատկացման ակտով և ընդերքօգտագործման պայմանագրով ստացել է ընդերքարդյունահանման թույլտվությամբ ընդերքի շահագործման իրավունք, որի գործողության ժամկետը եղել է մինչև 29.08.2021 թ., սակայն 2017-2018 թթ․ ընթացքում ՍՊԸ-ի սեփականությունը հանդիսացող 0.5 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ արոտավայր գործառնական նշանակության հողամասից՝ առանց նպատակային նշանակության փոփոխության, զբաղվել է ընդերքի արդյունահանմամբ՝ հողն առանց համայնքին հանձնելու և օրենքով նախատեսված համապատասխան պայմանագիր կնքելու։
«Վահրամ Պապիկյան» ՍՊԸ-ն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից լեռնահատկացման ակտով և ընդերքարդյունահանման թույլտվությամբ 28.12.2012 թ. ստացել է ընդերքի շահագործման իրավունք, որի գործողության ժամկետը մինչև 18.05.2025 թ. է։ Սակայն մինչ ստուգման պահը ՍՊԸ-ն առանց սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակությունը ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ ընդերքի օգտագործման համար գործառնական նշանակության հողամասի փոխելու և համայնքի հետ համապատասխան հողամասի պայմանագիր կնքելու զբաղվում էր ընդերքարդյունահանմամբ։
«Լևադան» ՍՊԸ-ն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից լեռնահատկացման ակտով և ընդերքարդյունահանման թույլտվությամբ 31.10.2012 թ. ստացել է ընդերքի շահագործման իրավունք, որի գործողության ժամկետը մինչև 05.12.2026 թ. է։ Սակայն մինչ ստուգման պահը ՍՊԸ-ն համայնքի սեփականությունը հանդիսացող 16.56144 հա մակերեսով, 0.44328 հա մակերեսով և 4.39528 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ արոտավայր գործառնական նշանակության հողամասերից առանց սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակությունը ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ ընդերքի օգտագործման համար գործառնական նշանակության հողամասի փոխելու և համայնքի հետ համապատասխան հողամասի պայմանագիր կնքելու զբաղվում էր ընդերքարդյունահանմամբ։
Ելնելով վերոգրյալից՝ ՔՏՀԱ տեսչական մարմինը նշված խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։