«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադարձավ հարցին, թե արդյոք նախորդ շաբաթվա Անվտանգության խորհրդի նիստում որևէ անհամաձայնությո՞ւն է եղել, որից հետո ԱԳ նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Մարուքյանի խոսքով՝ ընդհանրապես խոսակցություն չի եղել, և ԱԳ նախարարի հետ կապված այն հատվածները, երբ վարչապետի պաշտոնակատարն ասում է, որ հանձնարարել է նրան, և վերջինս էլ գլխով համաձայնում է, ուղիղ եթերում տեսագրվել է, որևէ այլ բան չի եղել: Պատգամավորն ընդգծում է, որ զարմացել է, երբ լսել է հրաժարականի մասին:
«Իմ կոչ-ուղերձն է պաշտոնատար անձանց, որ պետք է գիտակցել, որ Հայաստանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, պաշտոնակատարների կառավարություն է, և սահմանադրաիրավական կարգավորումները թույլ չեն տալիս որևէ հրաժարական տված նախարարի փոխարեն նշանակել նոր նախարար: ԱԳ նախարարի և ցանկացած այլ նախարարի հրաժարականը այս իրավիճակում մեր երկիրը կարող է դնել շատ բարդ վիճակում: Դժվար չէ, կարծում եմ, մեր պետական շահերը ներկայացնել ևս երեք շաբաթ, և ընտրություններից հետո, բնականաբար, փոփոխությունները տեղի կունենան»,- ասաց Մարուքյանը՝ շեշտելով, որ այսօր Հայաստանը ՊՆ-ից ավելի շատ կարիք ունի ԱԳՆ դիվանագիտական հզոր ճակատի: