Կրթությունը կորիզն է երկրի... այս գիտակցմամբ ծագեց «Կորիզ» համադպրոցական կրթական մրցույթ-շոու ստեղծելու գաղափարը, որը հնարավորություն կտա բացահայտել դպրոցական տաղանդներ, խրախուսել յուրաքանչյուր աշակերտի կրթվելու, սովորելու մղումն ու մեծարելու աշակերտի աջակցին և առաջնորդին՝ ուսուցչին: Մտահղացումը «Դասարան» կրթական ծրագրինն է, որ արդեն 12 տարի գործում է կրթության ոլորտում: Ծրագիրը համախմբել է տարբեր ոլորտի, ինչպես իրենք են անվանում՝ դեսպանների:
Անահիտ Բախշյան («Կորիզ» նախաձեռնության դեսպան) - Տեսնենք, գնահատենք, հայտնաբերենք մեր աշակերտներին իրենց գիտելիքներին համապատասխան և տեսնենք՝ ովքեր են էս երեխաների ուսուցիչները, ու այդ ուսուցիչներին համապատասխան ձևով մեծարենք: Տեսնելով նրանց աշակերտներին՝ տեսնենք արդյունքը:
Անահիտ Բախշյանն ասում է՝ ոչ թե պետք է ամեն տարի Ուսուցչի տոնին ընդառաջ մրցանակաբաշխություն կազմակերպել, այլ նմանատպ քայլերով բացահայտել ուսուցչին ու գնահատել ինչպես հարկն է:
Անահիտ Բախշյան - Սա գրագետ մոտեցում է լավ ուսուցչին արդար ձևով գնահատելու համար:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հունիսի 14-ը մուտք գործել կորիզ.am, սեղմել «գրանցվել» կոճակը, լրացնել անհրաժեշտ դաշտերը ու ամրագրել մասնակցությունը առաջին համադպրոցական մրցույթին, իսկ հետո նաև շոուի ժամանակ:
Սյուզաննա Ալեքսանյան («Կորիզ» համադպրոցական մրցույթի համակարգող) - Երկիր, մարզ, պետք է հետո սպասել մասնակցության, այն կլինի հունիսի 16-ից սկսած, ամեն դասարանի համար՝ հարցերի մեծ բազա:
Արևիկ Պետրոսյան («Դասարան» կրթական ծրագրի ծրագրերի ղեկավար) - Այն նախատեսված է 5-12-րդ դասարանների աշակերտների համար, կարող են մասնակցել անկախ առաջադիմությունից բոլոր մասնագետները: Մրցույթը առցանց է լինելու և բաղկացած է լինելու երկու փուլից՝ նախընտրական փուլ, եզրափակիչ փուլ:
Հարթակը հասանելի է ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի բոլոր աշակերտների համար: Միակ պահանջը լինելու է՝ ընդամենը 40 րոպե չխանգարել աշակերտներին՝ իրենց գիտելիքները համակարգչի առաջ ի ցույց դնել: Ծրագրի համար արդեն 10 հազար հարց է գրված: Նախաձեռնության հեղինակներն ասում են՝ հարցերը չեն կրկնվելու, յուրաքանչյուր մասնակից 30 թեստային հարցի պատասխանելու հնարավորություն կունենա՝ 4 տարբերակի ընտրությամբ:
Սյուզաննա Ալեքսանյան - Անցողիկ շեմը հաղթահարածները անցնում են երկրորդ փուլ, այդտեղ արդեն ժամանակը հաշվի է առնվում:
«Կորիզ» մրցույթը հաջողելու դեպքում խոստանում է ամենամյա դառնալ: