ԱԺ ճեպազրույցների ժամին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադարձավ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ երեկ Սպիտակում հնչեցրած հայտարարությանը, թե «հպարտ եմ, որ պարտվել ենք, և այդ պարտության պատասխանատվությունը մերն է»:
«Կարծում եմ՝ մեր քաղաքացիներն էլ են դիտել այդ տեսանյութը և հստակ տեսել են, որ երկու հատվածները և երկու նախադասությունը վերաբերում են տարբեր կոնտեքստերի: Ամեն ինչ տեսանյութում կա:
Հպարտությունը վերաբերել է նրան, որ մենք հպարտանում ենք մեր զինվորներով, ովքեր ի հեճուկս ամենադաժան պատերազմի, թեկուզ վիրավոր՝ կարողացել են պահել Արցախը և ՀՀ սահմանները»,- ասաց Մակունցը՝ ընդգծելով, որ այսօր անգամ առաջատար երկրներ, օրինակ՝ Գերմանիան, վերանայում է իր ռազմական քաղաքականությունը, ռազմավարությունը՝ մեջբերելով և հիմնվելով Ղարաբաղյան պատերազմի դրսևորումների վրա:
Մակունցի խոսքով՝ վարչապետի պաշտոնակատարի հնչեցրած նախադասությունները համատեքստից դուրս ներկայացնելը քաղաքական որոշ շրջանակների կողմից արվող մանիպուլյացիա է, ինչը, ըստ նրա, բնորոշ է վերջին երեք տարիների նրանց գործելաոճին: