Կցանկանանք, որ ՀԱՊԿ-ի արձագանքն ավելի արագ տեղի ունենա, բայց դա մեզ չի խանգարում այլ քայլեր անելու, և վարչապետի պաշտոնակատարի առաջարկությունը՝ երկու կողմից զորքերը հայելային հետ քաշելու վերաբերյալ, հենց այդ տրամաբանության մեջ է: Այդ մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը՝ հավելելով, որ երբ արձագանքները կլինեն, Ադրբեջանը հետ կքաշի զորքերը, գործընթացը իր հունով կընթանա:
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանն առաջարկն անելիս միանձնյա որոշո՞ւմ է կայացրել, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ առաջարկության մասին վարչապետը տեղեկացրել է համապատասխան կառույցների ղեկավարներին, որոնց կողմից առարկություն չի եղել: «ԵԱՀԿ Մինսկի խմբի արձագանքը պատրաստակամություն է ենթադրում, պետք է հասկանալ՝ զորքերի հայելանման հետքաշումն իրատեսակա՞ն է, թե՞ ոչ, և հետո անցնել հաջորդ քայլերին: Հայկական զինուժը ջանք չի խնայում իրավիճակը կառավարելի պահելու համար, մինչև հստակեցում կլինի»,- ասաց Մակունցը:
«Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ որոշումն այս պահին Ադրբեջանի դաշտում է, սահմանագծում և սահմանազատում կարող են տեղի ունենալ, երբ ադրբեջանական զինված ստորաբաժանումները կլքեն ՀՀ տարածքը: