Խորվաթիա-Հայաստան ընկերական հանդիպմանն ընդառաջ մայիսի 31-ին՝ Վելիկա Գորիցայի «Քաղաքային» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կայացել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և պաշտպան Վարազդատ Հարոյանի նախախաղային մամուլի ասուլիսը:
Ինչպես հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Վարազդատ Հարոյանը պատմել է «Կադիս» տեղափոխության մասին և նշել, թե երբ միանա նոր թիմին:
«Հուլիսի 1-ից արդեն կմիանամ «Կադիսին»: Մեծ սպասումներ ունեմ և շատ ուրախ եմ, որ տեղափոխվել եմ նման ուժեղ առաջնությունում հանդես եկող ակումբ, սակայն դեռ բոլոր մտքերս «Աստանայի» հետ են: Դեռ 4 հանդիպում պետք է անցկացնեմ ղազախական թիմի կազմում և ամեն կերպ կփորձեմ օգնել իմ ներկայիս ակումբին: Տեղափոխությանս մասին շատ եմ խոսել, ավելացնելու ոչինչ չունեմ:
«Աստանայի» կազմում անցկացրած վերջին հանդիպման ժամանակ վնասվածք ստացա և չկարողացա շարունակել հանդիպումը: Իմ կարծիքով վնասվածքս այդքան էլ լուրջ չէ: Այսօր կփորձեմ թիմի հետ թեթև մարզում անցկացնել, բայց, կարծում եմ, որ վաղվա հանդիպմանը չեմ կարողանա մասնակցել:
Արդեն ծանոթացել ենք մրցակցին: Բոլորս էլ գիտենք, որ շատ լավ հավաքական է` շատ ուժեղ ֆուտբոլիստներով: Սակայն սա ֆուտբոլ է, ամեն ինչ որոշվում է դաշտում: Շատ կուզեմ, որ թե´ Հայաստանի, և թե´ Խորվաթիայի հավաքականներն այս ընկերական խաղից ստանան այն, ինչ ուզում են»,- նշել է Հարոյանը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, պատասխանելով ընտրանու հայտացուցակից Հենրիխ Մխիթարյանի բացակայության վերաբերյալ հարցին, ասել է.
«Շատ եմ անդրադարձել այս հարցին, հիմա ևս մեկ անգամ կասեմ. մենք ընկերական երկու հանդիպում ենք անցկացնելու, որոնց ընթացքում ես ցանկանում եմ նոր ֆուտբոլիստների փորձարկել, և դրա լավագույն հնարավորությունն առաջիկա խաղերն են: Ես բազմիցս նշել եմ, որ Մխիթարյանը հիանալի ֆուտբոլիստ է: Նա շատ կարևոր է մեր հավաքականի համար, և արդեն պաշտոնական հաջորդ խաղերին, որոնք կկայանան սեպտեմբերին, հույս ունեմ կմիանա և կօգնի մեզ:
Առջևում մեզ հաճելի, բայց, միևնույն ժամանակ, շատ բարդ մարտահրավեր է սպասվում, և մենք մեծ խանդավառությամբ ենք մոտենում դրան: Մի բան կցանկանայի հստակեցնել. ես 40 տարվա մարզչական փորձ ունեմ, և ոչ ոք երբևիցե չի կարողացել կազմի ընտրության հարցում ինձ վրա ազդել: Մենք պետք է ուժեղացնենք այն ֆուտբոլիստներին, որոնք այժմ գտնվում են մեր տրամադրության տակ:
Խորվաթիան հիանալի հավաքական ունի: Թիմում կան ֆուտբոլիստներ, որոնք հանդես են գալիս աշխարհի լավագույն առաջնություններում, Ոսկե գնդակի դափնեկիր ունեն, շատ ուժեղ հավաքական է»: