Հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդներ տեղեկայելու Փաշինյանի առաջարկից հետո գնդակը հիմա Ադրբեջանի դաշտում է՝ ասում են «Իմ քայլի» պատգամավորները՝ արձագանքելով այն հարցին, թե ինչո՞ւ անվտանգության խորհրդի նիստից 5 օր անց վարչապետի պաշտոնակատարի հնչեցրած գաղափարը դեռ գործնականում չի ռեալիզացվում: Խմբակցության ղեկավարը կրկին շեշտում է՝ որևէ գործընթաց չի կարող սկսվել, քանի դեռ ադրբեջանական զինված ուժերը հետ չեն քաշվել Հայաստանի տարածքից:
Մինսկի խմբի՝ մայիսի 28-ի հայտարարությունը, Լիլիթ Մակունցի կարծիքով, Փաշինյանի առաջարկի հանրային արձագանքն է: Միջազգային միջնորդները, հիշեցնենք, անընդունելի էին համարել սահմանային վեճերն ուժի գործադրմամբ կամ սպառնալիքով լուծելն ու կողմերին կոչ էին արել անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ներառյալ զորքերը հետ քաշելու, իրավիճակը լիցքաթափելու և խաղաղ բանակցությունների միջոցով սահմանի դելիմիտացիա և դեմարկացիա սկսելու համար:
Սոթք-Խոզնավար սահմանային հատվածում միջազգային դիտորդներ տեղակայելու հարցին պաշտոնական Բաքուն առայժմ ուղիղ չի արձագանքել: Միայն երեկ Ադրբեջանի վարչապետը խոսել էր Հայաստանի հետ սահմանագծման ու սահմանազատման հարցով եռակողմ հանձնաժողով ստեղծելու Ռուսաստանի առաջարկից ու կողմ էր արտահայտվել այդ գաղափարին: Երեկ նաև Ադրբեջանի նախագահն է ելույթ ունեցել՝ կրկին շոշափել Զանգեզուրի, այսպես ասած, միջանցքի թեման: Ըստ Ալիևի՝ այդ բանակցություններում արդեն կա առաջընթաց, և նրա բնորոշմամբ՝ հայկական կողմն սկսել է հաշտվել դրա անխուսափելիության հետ:
«Իմ քայլի» ղեկավարն այսօր անդրադարձավ նաև արտգործանախարարի հրաժարակին: Արա Այվազյանի հրաժարականը զարմացրել է նաև «Լուսավոր Հայաստանի» ղեկավարին: Էդմոն Մարուքյանը վստահ է՝ երկիրն այսօր կարիք ունի ուժեղ դիվանագիտական ճակատի, որը թուլացավ Այվազյանի հեռանալով:
Խորհրդարանական երրորդ ուժի ղեկավարն այսօր էլ կողմ արտահայվեց սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու հարցին: Բացատրեց՝ այն կթուլացնի լարվածությունը, կբացառի ուժի կիրառումը, բայց ընդդիմադիր պատգամավորը դեռ արձագանքների չի հանդիպել:
Ներքաղաքական հարցերից. Երեկ Փաշինյանը մարզային այցելության ժամանակ դիմեց ընտրությանը մասնակցել պատրաստվող քաղաքական ուժերին՝ այդ թվում առաջին ու երկրորդ նախագահներին և հայտարարեց, որ սպասում է նրանց հունիսի 18-ի ուղիղ եթերում հեռուստաբանավեճի: Արդյո՞ք ագրեսիվ ու սուր չէ վարչապետի պաշտոնակատարի հռետորաբանությունը՝ լրագրողներին հարցին արձագանքեցին «Իմ քայլի» պատգամավորները: Խորհրդարանական այս ճեպազրույցին «Բարգավաճ Հայաստանը» նորից չէր մասնակցում: