Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում քննարկեց և հաստատեց կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը: Քաղաքական ուժերը, որոնց ընտրացուցակներում չկային անճշտություններ, հանձնաժողովը միանգամից հաստատեց նրանց մասնակցությունը:
Տիգրան Մուկուչյան, ԿԸՀ նախագահ - ԿԸՀ-ն որոշում է առանց քվեարկության որոշում է գրանցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը՝ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցելու համար:
Ընտրական օրենգրքի համաձայն, թեկնածուների և կուսակցությունների հարցը քննարկելիս, եթե հանձնաժողովի անդամներից որևէ մեկն ունենում է առարկություն, լինում է քվեարկություն և մերժման որոշումը համարվում է ընդունված՝ ձայների 2/3-ով: Առարկություններ եղան, դրանից ելնելով՝ մերժումներ; Օրինակ՝ «Արդար Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի 13-րդ համարի թեկնածու Դավիթ Գրիգորյանի գրանցման փաստաթղթերի փաթեթում բացակայում էր հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող տեղեկանքը: Հանձնաժողովը 48 ժամ էր տրամադրել՝ այն շտկելու համար, բայց տեղեկանքը չի ներկայացվել: Հանձնաժողովը քվեարկությամբ մերժեց Դավիթ Գրիգորյանի մասնակցությունը:
22 կուսակցություն և 4 կուսակցությունների դաշինք. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատեց՝ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին խորհրդարան անցնելու մրցապայքարին մասնակցելու է 26 քաղաքական ուժ: ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների հերթական համարները հանձնաժողովը որոշեց վիճակահանությամբ: Համարները փոփոխման ենթակա չեն: Ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները՝ ըստ համարների՝
1. «Արդար Հայաստան» կուսակցություն
2. «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն
3. «Քաղացիական պայմանագիր» կուսակցություն
4. «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն
5. «Ազատություն» կուսակցություն
6. «Պատիվ ունեմ» դաշինք
7. «Միասնական Հայրենիք» կուսակցություն
8. «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն
9. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն
10. «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն
11. «Հանրապետություն» կուսակցություն
12. «Հայոց Հայրենիք» կուսակցություն
13. «Ազատ Հայրենիք» դաշինք
14. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
15. Հայաստանի դեմոկրատական կուսակցություն
16. «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն
17. «Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական» կուսակցություն
18. «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինք
19. «Ազգային օրակարգ» կուսակցություն
20. «Վերելք» կուսակցություն
21. «Ազատական» կուսակցություն
22. «Հայոց Արծիվներ Միասնական Հայաստան» կուսակցություն
23. «Հայաստանի Եվրոպական» կուսակցություն
24. «Հայաստան» դաշինք
25.« Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցություն
26. «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն
Նախատեսվածից շատ քաղաքական ուժեր են մասնակցում ընտրություններին: Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ ընտրությունների անցկացման ծախսը կավելանա, պատճառներից մեկը քվեաթերթիկների տպագրությունն է:
Տիգրան Մուկուչյան - 2012 թվականից սկսած, այն ժամանակահատվածն է, որ ես հանձնաժողովում եմ, նման մեծ թվով կուսակցությունների մասնակցություն չէր եղել:
Թե որքան կավելանա ծախսը, դեռ հաշվարկում են: Գործող ընտրական օրենսգրքով՝ յուրաքանչյուր կուսակցության համար պետք է տպագրվի առանձին քվեաթերթիկ: Ընտրատեղամասում ընտրողն ստանալու է 26 քվեաթերթիկ, իր նախընտրած կուսակցության կամ դաշինքի քվեաթերթիկը դնելու է ծրարի մեջ ու գցելու է արկղի մեջ: