Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն այցելել է Հունաստան և հանդիպել հույն գործընկերոջ՝ Նիկոս Դենդիասի և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ, գրում է greekcitytimes-ը:
Չավուշօղլուն հանդիպումների ժամանակ փորձել է սլաքն ուղղել Եվրամիության կողմը. «Հունաստանը պետք է զերծ մնա ԵՄ-ին Թուրքիայի դեմ լծակ օգտագործելուց և օգտվի ներկա դրական իրադրությունից: Խնդիրները կարող են լուծել միայն Հունաստանը և Թուրքիան, ոչ թե ԵՄ-ն»,- ասել է թուրք պաշտոնյան ժամանելուց անմիջապես հետո:
Թուրքիայի արտգործնախարարը ներկայացրել է նաև Անկարայի հավակնությունները Միջերկրական ծովի արևելքում վիճահարույց ջրերի նկատմամբ և դիրքորոշումը Կիպրոսի հարցի վերաբերյալ:
Թուրքիայի համար դժգոհության առիթ է նաև Հունաստանի Արևմտյան Թրակիայում ապրող փոքրամասնությունների կարգավիճակը:
Չավուշօղլուն նախօրեին նշել էր, որ «իրենք ցանկանում են, որ Հունաստանի Արևմտյան Թրակիայում ապրող թուրք փոքրամասնություններին տրվեն նույն իրավունքները, որոնք Թուրքիայում տրվում են Հույն ուղղափառ եկեղեցուն և հույն փոքրամասնությանը»:
Հունաստանը կոշտ է արձագանքել Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությանը. «Անհիմն է, որ Թուրքիան անընդհատ խեղաթյուրում է ճշմարտությունը և պնդում, որ այդ քաղաքացիների իրավունքները չեն պաշտպանվում կամ նրանք խտրականության են ենթարկվում: Մենք ամբողջովին մերժում ենք Թուրքիայի պնդումները»,- ասել է Հունաստանի ԱԳՆ խոսնակը:
Հիշեցնենք, որ Հունաստանը հայտարարում է, թե Արևմտյան Թրակիայի թուրք փոքրամասնությունը միայն կրոնական փոքրամասնություն է և այն էլ՝ մուսուլման հույն փոքրամասնություն, իսկ Թուրքիայի պնդմամբ՝ թուրք փոքրամասնություն: