2021 թվականի մայիսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում արձանագրվել է 690 զանգ: Նախորդ շաշաբաթվա համեմատ՝ հանրապետության տարածքում նվազել են հրդեհի մասին կանչերը:
Գրանցված 6 կանչից 4-ը բռնկվել է չոր խոտածածկ տարածքներում, մեկը՝ բնակելի շինությունում, ևս մեկ ահազանգ կեղծ է եղել: Հրդեհի դեպքերից Մարտունիում տուժել է մեկ քաղաքացի: Ստացված այրվածքներով վերջինս տեղափոխվել է բուժհաստատություն:
Ճանապարհատրանսպորտային պատահարի մասին շաբաթվա ընթացքում ստացվել է 1 կանչ: Մահվան ելքով դեպք է արձանագրվել Լիսագոր-Բերձոր ճանապարհատվածին: Տուժել է 2 քաղաքացի: ԱԻՊԾ Լիսագորի տեղամասի փրկարարները նրանց հանել են ձորից, ցուցաբերել առաջին օգնություն և շտապ բժշկական օգնության մեքենաներով տեղափոխել Ստեփանակերտ:
Պատերազմից հետո Արցախի տարածքում հայտնված ռազմամթերքի որոնման և դրանց ոչնչացման աշխատանքները շարունակվում են առանց դադարի ռեժիմով: Ծառայության սակրավորական խմբերի հետ մեկտեղ գործընթացին լծվել են «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը, «The Halo trust» կազմակերպությունը, ինչպես նաև ՌԴ ԱԻՆ գործընկերները:
Յոթ օրվա ընթացքում ԱԻՊԾ սակրավորները հայտնաբերել և ոչնչացրել են գրադ կայանքից արձակված BM-21 տեսակի 16 հրթիռ, թնդանոթի 5 արկ, հրթիռակասետային 6 ռումբ, ВОГ-17 տիպի 7 նռնակ և ականանետի 82 մմ 6 ական:
Օձի հայտնաբերման մասով ստացվել է 3 կանչ: Սողունները հայտնվել են բնակելի տներում: Փրկարարները հայտնաբերել և տեղափոխել են անվտանգ վայր:
Շաբաթվա ընթացքում գրանցվել է կենցաղային բնույթի 33 կանչ: Փրկարարները տեխնիկական օգնություն են ցուցաբերել 18 բնակչի, ջուր է մատակարարել Ասկերանի շրջանի 3 գյուղի բնակիչներին:
Պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների աճյունների որոնման նպատակով ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը շաբաթվա ընթացքում կատարել է մեկ ելք: Մայիսի 24-ին Վարանդային շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 աճյուն:
Զինադադարից հետո փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքերի արդյունքում հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1557 է: