2021 թ. մայիսի 28-ին՝ ժամը 19:50-ին, «Էրեբունի» ԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Այնթապ գյուղի 18-ամյա բնակիչ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ մայիսի 28-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Արարատի մարզի Այնթապ գյուղի խաչմերուկում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում վերոնշյալ գյուղի 17-ամյա երիտասարդը իր մոտ պահվող ծալովի դանակով երկու անգամ հարվածել է համադասարանցուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում: Անչափահասի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ծնողի հսկողությանը հանձնելը։
Քրեական գործով հարցաքննվել են մի շարք անձինք, կասկածյալի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել է հանցագործության գործիք դանակը, կատարվել են դեպքի վայրի զննություն և առգրավում, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: