Հայաստանի պաշտպանության նախարարությունն անդրադարձել է սոցիալական ցանցերում տարածվող լուրին, թե Ադրբեջանը Կովսականի հատվածում հայ զինվորականներ է գերեվարել: Տեղեկությունը դեռ երեկ էր տարածվել սոցցանցերի ադրբեջանական տիրույթում:
ՀՀ ՊՆ - Չնայած հանգամանքին, որ այդ տեղեկությունն արագ հերքեցին հենց ադրբեջանական պետական կառույցները, այդ թվում՝ համապատասխան հայտարարությամբ հանդես եկավ նաև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը, հայկական սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր և լրատվամիջոցներ շարունակում են այն շրջանառել»:
Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները: Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն անդրադարել են, մասնավորապես, խնդրի լուծման շուրջ նախորդ շաբաթ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը:
Հարությունյանը և Շոյգուն քննարկել են նաև Հայաստանի զինված ուժերում սկիզբ առած բարեփոխումների հիմնական ուղղությունները, տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրները և դրանց դիմակայելու միասնական գործողություններին վերաբերող հարցերը:
Մինչև այդ, Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի ուղղությամբ իրավիճակը վերջին օրերին անփոփոխ է: Հակառակորդի ուժերը շարունակում են մնալ Հայաստանի տարածքում, որևէ տեղաշարժ գյուղացիները չեն նկատել՝ «Լուրերի» հետ զրույցում հայտնել է համայնքի ղեկավար Սեդա Չիթչյանը:
Սեդա Չիթչյան, Կութ համայնքի ղեկավար - Ոչ առաջ, ոչ հետ: Ինչպես մայիսի 12-ին կանգնել են, նույն տեղերում կանգնած են:
Ադրբեջանական ուժերի առաջխաղացման պատճառով գյուղը փաստացի կտրված է արոտավայրերից: Համայնքի ղեկավարի խոսքով՝ բնակիչները ներկայիս պայմաններում փորձում են իրենց առօրյա խնդիրներով զբաղվել, բայց անասուններին կերով ապահովելու հարց է առաջ եկել:
Սեդա Չիթչյան - Ամեն մեկն իր առօրյա աշխատանքով է զբաղված: Հուսով եմ՝ իրավիճակը կհանդարտվի: Սովորականի նման կապրենք:
Սեդա Չիթչյանը նաև հաստատեց տեղեկությունը, որ դեռ երեկ ռուս խաղաղապահներ են եղել գյուղում: Ռուս զինվորականների տեղաշարժի մասին լուրը տարածվել էր, երբ Կութի ուղղությամբ մայիսի 27-ի երեկոյան ադրբեջանցի զինվորականները կրակոցներ էին արձակել:
Այս պահին ընդհանուր պատկերը չի փոխվել նաև Սյունիքի Տեղ գյուղի ուղղությամբ: Համայնքի ղեկավարի խոսքով՝ որոշ բնակիչներ մարտական հերթապահություն են իրականացնում: Չնայած իրավիճակին՝ բնակիչները գյուղատնտեսական աշխատանքները չեն դադարեցրել: Որոշ լարվածություն համայնքի ղեկավարն արձանագրել է, սակայն ընդհանուր իրավիճակը հանգիստ է: