Նախկինում այստեղ վիճակն այնպիսին էր, որ նույնիսկ հիվանդների համար այցելությունները տհաճ էին, ասում են աշխատակիցները: Իսկ իրենց աշխատանքային պայմանների մասին գերադասում են լռել:
Կախվածությունների բուժման կենտրոնը բոլորովին նոր սարքավորումներով, լաբորատորիայով, հիմնովին նորոգված՝ վերաբացում է դռները: 2020-ից առողջապահության նախարարությունը շուրջ 30 տոկոսով ավելացրել էր կենտրոնի բյուջեն, ինչի հաշվին և՛ աշխատակիցների աշխատավարձերն են ավելացել, և՛ վերանորոգում ու վերազինում է իրականացվել:
Սուրեն Նազինյան (ՀՀ ԱՆ կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն) - Վերանորոգել ենք ամբողջությամբ առաջին հարկը, որտեղ տեղադրված են լաբորատոր-ախտորոշիչ բաժանմունքը և պահեստը, մեթադոնային բուժման հատվածը: Երկրորդ հարկը՝ վարչակազմը և դիսպանսերային:
Նոր պայմաններում կգործի նաև նորաբաց սոցիալ-հոգեբանական ծառայությունների բաժանմունքը: Կախվածություն ունեցողների դեպքում ոչ միայն այդ մարդկանց են նման ծառայություններ անհրաժեշտ, այլ նաև նրանց ընտանիքների անդամներին:
Սուրեն Նազինյան - Նախկինում կար սոցիալական աշխատող, օրինակ՝ մեկ սոցաշխատող, որը ֆիզիկապես չէր կարող հասցնել, բայց մենք հիմա ունենք նաև հոգեբաններ, որոնք վերապատրաստված, մասնագիտացված են հենց էս ուղղությամբ:
Հայաստանում այսօր գրանցված է թմրամիջոց գործածող 7400 քաղաքացի: Նրանցից ստացիոնար բուժում են ստանում 35-ը: Այս փուլում, COVID-ով պայմանավորված, հնարավորության դեպքում բուժումն ամբուլատոր եղանակով են կազմակերպում, բայց, առհասարակ, ասում է տնօրենը, բուժկենտրոնի անբարենպաստ պայմանների պատճառով շատ հիվանդներ են խուսափել բուժումից:
Սուրեն Նազինյան - Դա ազդում է թե՛ բժշկի աշխատանքի արդյունավետության վրա և թե՛ դիմելիության աճի: Այսինքն՝ եթե պայմանները լավ չեն, բնականաբար, պացիենտը չի ուզի գա դիմի, պառկի, բուժվի:
Առողջապահության նախարարի պաշտոնակատարը վստահեցնում է, որ բուժկենտրոնների վերանորոգման ու վերազինման գործընթացը շարունակվելու է:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար) - Վերջին 3 տարվա ընթացքում բժշկական կազմակերպությունների շենքային, սարքավորումների առումով ամբողջական վերակառուցում, վերազինումը: Դա ամենաանհրաժեշտ պայմաններն են, որ պետք է ստեղծված լինեն, որպեսզի պացիենտների համար ծառայություն տրամադրվի:
Եվս 12 բժշկական կազմակերպություն այսօր վերանորոգման կամ վերակառուցման փուլում է: Բայց միայն շենքային պայմաններն ու սարքավորումները չեն կարող որակյալ բուժօգնություն ապահովել՝ ասում է նախարարի պաշտոնակատարն ու հիշեցնում, որ վերջին 2 տարվա ընթացքում փորձառու բժիշկները տարբեր բուժկենտրոններում իրենց փորձը փոխանցում են նորավարտ մասնագետներին: Բուժկենտրոնները նոր ու որակյալ կադրերով համալրելու համար նախարարությունը վերապատրաստումներ է իրականացնում: