Գլխավոր դատախազությունում խորհրդակցություն է. ուժային կառույցների ղեկավար կազմը քննարկում է խորհրդարանական ընտրությունների օրինական ընթացքն ապահովելու, հնարավոր հանցավոր ընտրախախտումների կանխարգելման, դրանց դեմ իրավապահ մարմինների համատեղ պայքարի կազմակերպման մասին հարցեր: Կարևոր պայման է ուժային կառույցների, իրավապահների քաղաքական զսպվածության պահպանումը:
Արթուր Դավթյան, ՀՀ գլխավոր դատախազ - Արձանագրումը հետևյալն է, որ պետական այն մարմինների աշխատակիցները, որոնց համար օրենսդրորեն ամրագրված է քաղաքական զսպվածության պահանջ՝ դրանք ուժային կառույցներն են, պարտավոր են հետևել այդ պահանջին: Նախընտրական շրջանում վերջիններիս կողմից նույնիսկ իրենց քաղաքական նախասիրության բացահայտումը կամ իրենց նախընտրած թեկնածուի որևէ կերպ բացահայտումը որակվելու է որպես հակաօրինական:
Հակաօրինական կհամարվի նաև ՏԻՄ-երի, պետական կառույցների աշխատակիցների լիազորության գործադրումը՝ իրենց աշխատակցին որևէ թեկնածուի ընտրել պարտադրելու համար: Նույն օրենքը վերաբերում է ցանկացած գործատուի:
Արթուր Դավթյան - Քաղաքական որևէ ուժի շրջանակի կողմից կուլիսային միջավայրում տրված ցանկացած ապօրինի խոստում՝ կապված ապագայում որևէ տեսակի, այդ թվում՝ քրեական պատասխանատվությունից ազատելու, տնտեսական որևէ այլ արտոնություններ տրամադրելու, անձնական որևէ զարտուղի առավելությամբ շահագրգրռելու հետ, նախ մենք բոլորս միասին պետք է երաշխավորենք, որ դա ինքնին արդեն կեղծ է, սուտ է և անլուրջ է, իսկ եթե դրսևորվի, ապա դա անպայման որակվելու է որպես հակաօրինական վարքագիծ:
Ցանկացած անձի կողմից ազդեցության, նյութական կախվածության, հեղինակության գործադրմամբ քաղաքական դիրքորոշման պարտադրանքը, կաշառելու, շահագրգռելու, մոլորեցնելու փորձերը հանցավոր են՝ օրինախախտումների ցանկն է շարունակում գլխավոր դատախազը: Հակաօրինական կհամարվի նաև քվեարկությունը վերահսկելու փորձը:
Արթուր Դավթյան - 2021 թվականի հունիսի 20-ին քվեախցիկում քաղաքացուց բացի ուղղակի կամ անուղղակի որևէ անձի վերահսկողությունը, ազդեցությունը, այլ խոսքով ասած՝ ներկայությունը հանցավոր է, և մեզ համար, չեմ վարանի այդ խոսքն ասել, թշնամանք է: Ես համարում եմ նաև, որ բոլորիս՝ ոչ միայն մասնագիտական պարտքի, այլ որպես քաղաքացու պատվի ու թասիբի հարցը պետք է լինի բացառել նմանատիպ դրսևորում:
Արթուր Դավթյանը նաև կարևոր է համարել ընտրական խախտումների դեմ պայքարում քաղաքացիների հետ իրավապահների աշխատանքը, և ընտրախախտումների վերաբերյալ տեղեկություններին, ահազանգերին իրավապահ համակարգի արագ արձագանքումը: