Էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոց, առողջ ապրելակերպ, երթևեկություն առանց խցանման՝ հեծանիվի դրական կողմերը շատ են: 21-րդ դարում հեծանիվը կանաչ տրանսպորտ է, որ թեթևացնում է երթևեկությունը, մաքուր պահում օդը:
Շոմբի Շարփ (Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող) - Կանաչ փոխադրամիջոցների ցանցը նաև շատ կարևոր է զբոսաշրջությունը զարգացնելու համար: Հայաստանը, Երևանը զբոսաշրջային մեծ ու հետաքրքիր վայրեր են, և հեծանվային այս ցանցը՝ կանաչ ու դեղին հեծանիվները, շատ հետաքրքիր են զբոսաշրջիկների համար:
Հայաստանում արդեն 3-րդ տարին է՝ նշում են Հեծանիվի միջազգային օրը: Հունիսի 3-ը տոն դարձնելու նախաձեռնությունը ստանձնել է Թուրքմենստանը՝ ՄԱԿ-ում: Հեծանիվի միջազգային օրվան ընդառաջ կազմակերպված միջոցառման ընթացքում Երևանի կենտրոնական փողոցներում մեքենաներին հավասար հեծանիվներ էին պտտվում:
Մուհամետգելդի Այազով (ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան) - Հաճելի է տեսնել, որ բնակիչները նախընտրում են հեծանիվով երթևեկել, ամբողջ քաղաքում կարելի է հանդիպել հեծանվորդների, վարձակալության տրվող հեծանիվներ, այսօրվա միջոցառումն էլ ակնհայտ ապացույց է, որ քաղաքացիները նախընտրում են էկոլոգիապես մաքուր տրանսպորտ:
Հեծանվային օրը Երևանում մեծ շուքով չեն նշում, այս տարին նախորդներից տարբերվում է: Երթից հետո մի քիչ հանգստացան ու մրցույթին անցան: Շահումյան հրապարակում Երևանյան գավաթ 6-րդ սիրողական մրցաշարն էր անցկացվում:
Արման Անտոնյան (Հեծանվորդների ֆեդերացիայի հիմնադիր նախագահ, Երևանի ավագանու անդամ) - Շատերը կարող են ասել, որ Երևանը հարմար չէ հեծանվավարման համար, ես կասեմ ճիշտ հակառակը՝ Երևանը իդեալական է հեծանվավարման համար, սակայն պետք են որոշակի փոփոխություններ՝ թե ենթակառուցվածքների ձևափոխման միջամտության և որոշակի էլեմենտների:
Լինելով նաև Երևանի ավագանու անդման՝ Արման Անտոնյանը լիահույս է, որ քաղաքապետարանի ջանքերով շուտով հեծանիվ վարելը Երևանում կլինի ոչ միայն հաճելի և նորաձև, այլև անվտանգ: