Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել: Օրերս Աղասյանը Թբիլիսիում մասնակցել է Վրաստանի բաց առաջնությանը և գրանցել 17 մ 16 սմ արդյունք՝ այդպիսով լրացնելով օլիմպիական նորման` 17 մ 14 սմ:
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին կայացած Հայաստանի աթլետիկայի առաջնությունում Լևոն Աղասյանը գրանցել էր 16 մ 62 սմ արդյունք և դարձել չեմպիոն: Բացի դրանից, Աղասյանն այս տարի մասնակցել է Եվրոպայի ձմեռային 36-րդ առաջնությանը և 16 մ 55 սմ արդյունքով զբաղեցրել 5-րդ հորիզոնականը: 26-ամյա աթլետը նշել է, որ այժմ մոտիվացված է և տրամադրված լավագույնս պատրաստվել մարզական գլխավոր ստուգատեսին:
Հավելենք, որ այժմ Հայաստանն Օլիմպիական խաղերի 9 ուղեգիր ունի․ ավելի վաղ ուղեգրեր էին նվաճել բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, Արմեն Մելիքյանը և Կարեն Ասլանյանը, ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը։