ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը նախաձեռնել է այցելություն Ասկերանի շրջանի Ուլուբաբ գյուղի տարածքում գտնվող 13-րդ դարում կառուցված Սբ. Գևորգ եկեղեցի՝ ուսումնասիրելու եկեղեցու և նրա հարակից տարածքի՝ դեպի եկեղեցի տանող ճանապարհի անցանելիության վիճակը:
Այցի ընթացքում պարզվել է, որ եկեղեցին պատված է ծառերի խիտ շերտով, և այն իր նախնական ճարտարապետական տեսքին բերելու անհրաժեշտություն կա: Բացի դրանից, Ռև գյուղից մինչև եկեղեցի տանող լեռնային ճանապարհն (7 կմ) ունի վերանորոգման խիստ կարիք:
ԱԺ նախագահ Ա. Թովմասյանը, նախաձեռնելով վերոնշյալ ծրագիրը, անհրաժեշտ է համարում նախևառաջ եկեղեցու տարածքն ազատել ավելորդ ծառերից, որոնց արմատները մեծ վնաս են հասցնում շինությանը և ստվերի տակ պահում եկեղեցին՝ խաթարելով նրա տեսանելիությունն ու ազդանշանային հաղորդակցության համակարգի պատմական համբավը: Այցի ընթացքում խորհրդարանի ղեկավարը կարևորել է նաև Ռև գյուղի վերաբնակեցումը բռնի տեղահանված մեր հայրենակիցներով:
ԱԺ նախագահին ուղեկցել է աշխարհազորային հրամանատար, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Արամ Ավագյանը: