Վերջին 12 տարվա ընթացքում առաջին անգամ Իսրայելը կարող է կառավարություն ձևավորել առանց վարչապետ Բենիամին Նեթանյահուի, հայտնում է BBC-ն:
Խոսքը վերաբերում է աջակողմյան «Յամինա» կուսակցության առաջնորդ Նաֆթալի Բենեթի և կենտրոնական «Եշ Ատիդ» կուսակցության ղեկավար Յաիր Լապիդի միջև կոալիցիոն համաձայնությանը: Haaretz պարբերականը նշում է, որ սա կլինի Նեթանյահուից «ազատվելու» և վերջապես առանց նրա կառավարություն կազմելու առաջին քայլը:
Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ եթե կողմերին հաջողի համաձայնության գալ, Բենեթը կդառնա Իսրայելի վարչապետ առաջիկա երկու տարիներին: Լապիդը կզբաղեցնի արտաքին գործերի նախարարի պաշտոնը: Հետո նրանք պաշտոնները կփոխեն մինչև հաջորդ ընտրությունները:
Բենյամին Նեթանյահուն Իսրայելի կառավարությունը ղեկավարում է 2009 թվականից: Սակայն վերջին երկու տարում երկիրը հայտնվել է ճգնաժամի մեջ՝ կապված կառավարության ձևավորման հետ: Այս ընթացքում Քնեսետի (խորհրդարան) չորս ընտրություն է տեղի ունեցել: Վերջինը կայացել է 2021-ի մարտին:
Նեթանյահուին տրվեց կառավարություն կազմելու իրավունք, բայց նրան չհաջողեց ստանալ խորհրդարանական մեծամասնության աջակցությունը, կառավարություն կազմելու համար 120 պատգամավորական մանդատից անհրաժեշտ էին 61-ը: Երկրի նախագահ Ռիվլինը կառավարության ձևավորման գործընթացը հանձնարարել է Յաիր Լապիդին, ժամկետը լրանում է հունիսի 2-3-ը: