Թուրքիան որոշել է իր գրոհային անօդաչու թռչող սարքերից շատերը տեղափոխել Կիպրոսի հյուսիսում գտնվող Գեչիտկալե ավիաբազա: Ըստ վերլուծաբանների՝ դա նշանակում է, որ նրա ագրեսիան և տարածքային խախտումները տարածաշրջանում շուտով կվատթարանան, գրում է Ahval-ը:
ԱՄՆ գիտաշխատող Մայքլ Ռուբինի կարծիքով՝ Կիպրոսում անօդաչու թռչող սարքեր տեղակայելու քայլը նույնքան սպառնալիք է արևմտյան դաշինքի համար, որքան 2019-ին Ռուսաստանից Թուրքիայի՝ ՀՕՊ հրթիռներ գնելը:
Թուրքիայի իշխանությունները Կիպրոսի հյուսիսում չօգտագործվող ռազմական օդանավակայանը վերափոխում են անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ավիաբազայի: Հենակետը պաշտոնապես կվերաբացվի հուլիսի 20-ին՝ Թուրքիայի՝ Հյուսիսային Կիպրոս ներխուժման 47-ամյակին, հաղորդել է CNN Türk հեռուստատեսությունը:
Ըստ մասնագետի՝ Թուրքիան սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը՝ խախտելով ոչ միայն Կիպրոսի, այլ նաև Հունաստանի և Իսրայելի, Եգիպտոսի, Լիբանանի և Գազայի բացառիկ տնտեսական գոտիները: Այս տարածքները այժմ գտնվում են Թուրքիայի Bayraktar-TB2 արդիականացված անօդաչու սարքերի հասանելիության տիրույթում:
Ամերիկացի վերլուծաբանների կարծիքով՝ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Թուրքիային անօդաչու թռչող սարքերի համար անհրաժեշտ մասերի կամ տեխնոլոգիայի մատակարարումը: