«Ապագայի մոդել» խորագրով ռազմավարական համաժողով՝ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում։ Նախաձեռնությունը էկոնոմիկայի նախարարությանը և Նորամուծության ու ձեռներեցության ազգային կենտրոնինն է։
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար) - Փորձում ենք գտնել այն ճիշտ մոտեցումները, այն ստրատեգիան, որի շնորհիվ մենք կկարողանանք հնարավորինս կարճ ժամանակում այս կառույցը դարձնել աշխատունակ և արդյունավետ։
Առաջիկա տարիների համար բարձր տեխնոլոգիական և ինովացիոն ուղղությունը, Հայկ Չոբանյանի համոզմամբ, բացառիկ նշանակություն ունի:
Հայկ Չոբանյան (ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար) - Ըստ էության, սա առաջին փորձն է արդյունաբերական ոլորտում կամ գերատեսչության ներքո, կամ բիզնես ոլորտում ընդհանրապես, ներդնելու գիտության և գիտահետազոտության հետ կապվող մեխանիզմ, որը պետք է հնարավորություն տա կապիտալացնել մտավոր ներուժը:
Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Հայկ Մարգարյանը հատկապես կարևոր է համարում աջակցությունը բիզնեսին: Հայաստանում շատ հեշտ է բիզնես սկսելը, բայց ավելի դժվար` այն շարունակելը՝ նկատում է Մարգարյանը։
Հայկ Մարգարյան (Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն) - Մեր կենտրոնի միջոցով մենք բացում ենք փոքր և միջին ձեռնարկությունների աջակցման կենտրոն: Որպես պետական կենտրոն՝ պետք է օգնենք իրենց՝ ոչ միայն փոքր և միջին, բայց նաև ստարտափներին:
Կենտրոնի մասնագետները վստահ են` հաջողության գրավականը նաև մեր և արտերկրի հայության ներուժի միավորումն է։