ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում կատարված համակողմանի և արդյունավետ քննության արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ Ա.Ն.-ն 2021 թ. մարտին պաշտոնատար անձ հանդիսացող, նույն ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ, արդարադատության մայոր Ա.Հ-ին խնդրել է որդուց ստանալ և իրեն փոխանցել կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով արգելված բջջային հեռախոսներ, վերջիններիս համար նախատեսված պարագաներ և ընդհանուր օգտագործման հեռախոսային ապարատի քարտ՝ խոստանալով ակնհայտ ապօրինի հիշյալ գործողության համար կաշառք տալ, որն ընդունվել է պաշտոնատար անձի կողմից:
Այնուհետև, Ա.Ն.-ն, պարտավոր լինելով դաստիարակելու իր անչափահաս երեխային՝ Վ.Ն-ին, պատասխանատվություն կրելով նրա դաստիարակության և զարգացման համար, օգտագործելով որպես ծնող՝ անչափահաս որդու մոտ ունեցած հեղինակությունը, ՔԿՀ-ից զանգահարել է նրան՝ պատվիրելով հանդիպել Ա.Հ.-ին և նրան տալ նշված արգելված առարկաներն ու կաշառքի գումարը՝ այդ կերպ անչափահաս որդուն ներգրավելով հանցագործության՝ կաշառքի միջնորդության կատարմանը:
Արդյունքում անչափահաս որդու միջնորդությամբ Ա.Ն.-ն 2021 թ. մարտի 17-ին և 18-ին Ա.Հ.-ին է տվել կաշառքի գումարը, որի դիմաց վերջինս Վ.Ն.-ից ստացել և դատապարտյալ Ա.Ն.-ին է փոխանցել մի շարք արգելված առարկաներ, որոնց մի մասը Ա.Հ.-ի մոտ հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից իրականացրած համատեղ միջոցառումների արդյունքում:
Բացի այդ, Ա.Հ-ն, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, դատապարտյալ Ա.Ն.-ի հետ ունեցած հարաբերությունները պահպանելու և ամրապնդելու շարժառիթով կատարել է ակնհայտ ապօրինի գործողություն և 2021 թ. մարտի 15-ին «Արմավիր» ՔԿՀ է տեղափոխել ու վերջինիս հանձնել արգելված առարկաներ՝ երկու բջջային հեռախոս, Wi-Fi համացանցային կապի շարժական մոդեմ և հեռախոսի լիցքավորիչ՝ այդպիսով էական վնաս պատճառելով ծառայության հեղինակությանն ու օրինական շահերին:
2021 թ. մայիսի 26-ին հիշատակված երեք անձանց մասով քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։