ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին՝ ստեղծելու վստահության մթնոլորտ, որպեսզի սահմանային իրադրության լարվածությունը մեղմվի: «Արմենպրեսին» ԵԱՀԿ-ում Շվեդիայի նախագահությունը տեղեկացրել է, որ այդ մասին նշել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն՝ Հայաստանի և Ադրբեջանի իր պաշտոնակիցների հետ զրույցներում: Նա կարևորել է խնդրի խաղաղ և դիվանագիտական ճանապարհով լուծումը:
«Գործող նախագահը ողջունում է իրավիճակը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու պատրաստակամությունը և հույս ունի, որ բանակցությունները կշարունակվեն, ու հնարավորինս շուտ հնարավոր կլինի հասնել դիվանագիտական լուծման: Ինչպես նշել է ԵԱՀԿ գործող նախագահը կողմերի հետ ունեցած իր զրույցներում, ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցելու կողմերին՝ վստահություն ստեղծելու հարցում` նպատակ ունենալով մեղմել լարվածությունը և ստեղծել մթնոլորտ, որում կողմերը կարող են կառուցողական կերպով շարունակել իրենց բանակցությունները»,-հայտնել են «Արմենպրեսին»: