Իսրայելի շուրջ և բուն Իսրայելում տեղի ունեցող իրադարձությունները բավական հետաքրքիր են, եթե հաշվի առնենք, որ դրանցում արտացոլվում են Մեծ Մերձավոր Արևելքում ուժային կենտրոնների «խաղերը», տեղի ունեցող վերադասավորումներն ու տարածաշրջանում ազդեցությունների նոր բաշխման միտումները։ Ընդ որում, գոնե առաջին հայացքից, այդ միտումներն Իսրայելի օգտին չեն, և առաջացած ներքաղաքական բավական լուրջ ճգնաժամը դրա ուղիղ հետևանքն է։
Որոշ փորձագետներ կարծիք են հայտնում, թե Իսրայելում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը իսրայելա-պաղեստինյան վերջին բախումների հետևանք է, քանի որ, նույն պնդումների համաձայն, վարչապետ Նեթանյահուն չկարողացավ կառավարել այդ մինի-պատերազմը, ինչի արդյունքում Իսրայելը առնվազն վարկանիշային լուրջ կորուստներ ունեցավ։ Սա այնքան էլ օբյեկտիվ պնդում չէ, քանի որ, իրականում, հենց այդ պատերազմն էր ճգնաժամի հետևանք և ուներ միայն մեկ հիմնական թիրախ։ Դա ինքը՝ Նեթանյահուն էր։ Տարածաշրջանում ուժերի հարաբերակցության փոփոխության, Թուրքիայի դերի նվազման, զուգահեռաբար, Իրանի ազդեցության աճի և Վաշինգտոնի կողմից Իսրայելի վարած քաղաքականության նկատմամբ հայտնված «վերապահումների» համապատկերում, Բենիամին Նեթանյահուն, որն Իսրայելի կառավարման ղեկին է 2009 թվականից, վերածվել է «խանգարող հանգամանքի», որից, ըստ էության, փորձում են ազատվել բոլորը։ Մասնավորապես, Իսրայելի նախագահ Ռիվլինը նոր կառավարության ձևավորումն արդեն հանձնարարել է կենտրոնամետ «Եշ Ատիդ» կուսակցության ղեկավար Յաիր Լապիդին, որն էլ, իր հերթին, հայտարարել է «Յամինա» կուսակցության հետ կոալիցիա կազմելու մասին։ Եթե այս զույգին հաջողվի Քնեսետում ստանալ անհրաժեշտ քանակությամբ ձայներ, ապա Իսրայելի վարչապետի պաշտոնը նախ կստանձնի Լապիդը, իսկ հետո արդեն էստաֆետը կհանձնվի «Յամինա»-ի ղեկավար Նաֆթալի Բենեթին։
Այսուհանդերձ, չի կարող ուշադրություն չգրավել հանգամանքը, որ իսրայելա-պաղեստինյան վերջին սրացումը տեղի ունեցավ հենց այն պահին, երբ Նեթանյահուն դեռ կարող էր կրկնել 2009-ի փորձը, երբ գրեթե անհուսալի թվացող իրավիճակում կարողացավ Քնեսետում դաշնակից գտնել՝ ի դեմ «Իմ տունն Իսրայելն է» կուսակցության ղեկավար Ավիգդոր Լիբերմանի, և ձևավորել նոր կառավարություն՝ շրջանցելով արդեն գրեթե վարչապետական աթոռին հայտնված, Իսրայելի նախկին արտգործնախարար Ցիպի Լիվնիին։ Գազայից արձակված հրթիռները քարուքանդ արեցին գործարք գտնելու՝ Նեթանյահուի վերջին հնարավորությունը և, ըստ էության, ազդարարեցին տարածաշրջանում մի ամբողջ դարաշրջանի ավարտի մասին։
Ինչ վերաբերում է տարածաշրջանում ուժերի հարաբերակցությանը, ապա ակնհայտ է, որ Մերձավոր Արևելքում աստիճանաբար թափ է հավաքում Արևմուտքի հետ իր խնդիրների մի մասն արդեն հարթած Իրանը, որն այս փուլում լուծեց իր առաջնային խնդիրը՝ նպաստել նրան, որ Իսրայելում ձախակողմյան ուժերը հեռանան պետական կառավարումից։ Երկրորդ փուլը, ենթադրաբար, կլինի Սաուդյան Արաբիայի հետ վերջնական հաշտեցումն ու Թուրքիային ամբողջությամբ կամ մասամբ տարածաշրջանից դուրսմղումը։ Ճիշտ է, այսօր թուրքական «ճակատը» փորձեց օգտագործել իր զինանոցում մնացած վերջին զենքերից մեկը։ Արաբական Միացյալ Էմիրությունները դարձավ արաբական առաջին պետությունը, որը Թել Ավիվում դեսպանատուն բացեց։ Այս քայլը, սակայն, ընդամենը լավ խաղը «փչացնելու» միտում ունի և անհրաժեշտ է դիտարկել միայն որպես քայլ՝ ուղղված ընդդեմ Սաուդյան Արաբիայի և հատկապես Իրանի ազդեցության, և, բացի այդ, թուրքական քաղաքական գծին՝ ԱՄԷ-ի հավատարմության հավաստիք։