Հաշվի առնելով 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներից ոմանց դժգոհությությունը ու մայրաքաղաքի փողոցներից մեկը փակելու հանգամանքը՝ ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ը մշտապես թափանցիկ կերպով ներկայացրել է բոլոր տվյալները և՛ հարազատներին, և՛ զանգվածային լրատվամիջոցներին:
Հարկ է նշել, որ կենտրոնն աշխատել է 24/7 ձևաչափով և մշտապես կապի մեջ է եղել ծնողների ու հարազատների հետ: Այսօր էլ, լրացուցիչ տեղեկատվությունը պարզելու և հարցերին պատասխանելու համար ՊՈԱԿ-ի ղեկավարությունը հանդիպել է ծնողների հետ, ընդունել բոլորին և պատասխանել նրանց հարցերին:
Շրջանառված ապատեղեկատվությունը հերքելու համար, նախնական պայմանավորվածության համաձայն, ՊՈԱԿ-ի տնօրինությունը զոհվածների հարազատներին է տրամադրել առկա ստույգ փաստերը: Սակայն չսպասելով դրան՝ նրանք դիմել են փողոց փակելու տարբերակին:
Հարկ է նշել, որ ցանկության դեպքում, հարազատները հնարավորություն են ունեցել այցելել ցանկացած դիահերձարան: Հարազատների հուզական վիճակից օգտվելով՝ նրանց շրջանում ապատեղեկատվություն տարածելը ուղղակի անընդունելի է»:
Նշենք՝ անհետ կորած և զոհված զինծառայողների ծնողներն այսօր փակել են Հերացի փողոցը՝ պնդելով, որ զոհված զինծառայողների աճյունների թվերում անճշտություններ կան: Նրանք պահանջում են հանձնաժողով ստեղծել, որը կզբաղվի հստակ հաշվառումով և վերջնական թիվ կներկայացնի: