Սպիտակի աղետալի երկրաշարժից հետևանքով անօթևան մնացած քաղաքաիցիների բնակարանային խնդիրները լուծելու նպատակով Կառավարությունը հատկացրել է 3 մլրդ դրամ: Այդ մասին Սպիտակ քաղաքում բնակիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ ավարտին է մոտենում նախկինում ցուցակագրված քաղաքացիներին բնակարանով ապահովելու գործընթացը, որից հետո հասկանալի կդառնա, թե պետությունն այդ մասով էլ ինչ պարտավորություն ունի:
Փաշինյանն անդրադարձավ վերջին 3 տարում կատարված աշխատանքներին: Նա նշեց, որ 2018-ից առողջապահության ոլորտի ֆինանսավորումն ավելացել է 80 տոկոսով, պետպատվերի շրջանակում իրականացված սրտի ստենտավորման ծրագրով փրկվել է ավելի քան 4600 մարդու կյանք, ներդրվելէ ինսուլտի ստենտավորման ծրագիր:
«Մեր արած շատ գործեր մթագնվել են պատերազմի և կորոնավիրուսի պատճառով: Ես հիմա ստիպված եմ բանակցային գորընթացի շատ կետեր բացահայտել, քանի որ նրանք, որոնք տարիներ շարունակ ներսում և դրսում դավաճանական գործունեություն են ծավալել, մեզ այսօր մեղադրում են դավաճանության մեջ: Եթե մենք դավաճան ենք, էսքան մարդիկ ոնց են եկել մեր ասածը լսելու: Փողո՞վ է եկել, ստիպողաբա՞ր, թե՞ սպառնալիքով են եկել...»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ վերջին 3 տարում Կառավարությունն այնքան ճանապարհ է կառուցել, որքան վերջին 10 տարում չի կառուցվել: «Կա՞ արդյոք մի պաշտոնա, որ 1998-ից սկսած ճանապարհաշինության մեջ ներգրավված է եղել և միլիարդատեր չի դարձել... Այո, մենք պարտվել ենք, և այդ պարտության պատասխանատվությունը մերն է, բայց մենք պահպանել ենք ամենակարևորը՝ ձեր աչքերին նայելու իրավունքը: Մենք ամեն ինչ արել ենք այս աղետին պատրաստվելու համար: Բայց նրան, ինչին հակառակորդը պատրաստվում էր 30 տարի, մենք պատրաստվեցինք 2 տարի: Փոխանակ 30 տարի բանակը բանակ դարձնեին, այն օգտագործում էին որպես քաղաքական գործիք՝ ջարդելով բանակի ողնաշարը: Մարդիկ, որոնք այս ապրիլին բանակը կրկին ներքաշեցին քաղաքական գործընթացների մեջ, նորից ջարդեցին բանակի ողնաշարը: Մեր Կառավարությունը բանակի առջև քաղաքական խնդիրներ չի դրել, մենք պատվել ենք մեր սպաներին, գեներալներին, որքան կարողացել ենք: Այն մարդուն, ում ես տվել եմ գեներալ-լեյտենանտի կոչում, պատերազմի ընթացքում թիկունքին եմ եղել, հիմա դարձել է Քոչարյանի բուկլետ բաժանող, լավ էլ գտել ես քո տեղը...դուք էդ քաղաքական հետախորշերից դուրս չեք գալու, ժողովուրդը ձեզ չի ներելու, ծախո՛ւ գեներալներ»,- նշեց վարչապետի պաշտոնակատարարը՝ հավելելով, որ ընդունում է սխալը, որ 2018-ին բանակից դուրս չի հանել «զինվորի հաց բաժանող որոշ գեներալների»:
Փաշինյանն ասաց, որ սահմանային հետագա էսկալացիա թույլ չեն տալու, և պատրաստ են հայելային եղանակով հետ քաշել զորքերը և միջազգային հովանու ներքո սկսել սահմանագծման աշխատանքներ: «Սահմանագծումից և սահմանազատումից պետք չէ վախենալ, բոլոր պետություններն այդ խնդրին բախվում են, դա անձնեռնմխելի պարիսպ է, որը պետք քաշել: Պետք չէ վախենալ նաև կոմունիկացիների բացումից»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ Հայաստանում ապագա կա: