Այն, ինչ Էրիկի մտքում էր, հիմա արդեն իրականություն է: Լույսը բացվելուն պես բացում է նոր ֆերմայի դռները, կերակրում ճագարներին: Եվ այսպես ամեն օր... Ճագարաբուծությունը զարգացնելու երկարաժամկետ ծրագիր է մշակել;
Էրիկ Ասլանյան, պատերազմի մասնակից - Ուզում եմ ևս մեկ տարածք վերցնել, հետագայում նոր բներ կառուցել: Շատ սիրեցի այս գործը:
Մինչև պատերազմն էլ ճագարներ ուներ, մեծ տնտեսության մասին երազանքը մոռացավ, երբ պատերազմն սկսվեց: Առաջնագծում վիրավորվեց ու չորս օր անց միայն գիտակցության եկավ: Հիվանդանոցում պատահական հանդիպումը դարձավ շրջադարձային:
Կռվի օրերին տիկին Սիլվան Միացյալ Նահանգներում էր, եկավ ու որոշեց մնալ Հայաստանում: Խմորեղեն էր տանում վիրավոր տղաներին: Հենց այդտեղ էր, որ հանդիպեց Էրիկին, հարցրեց նպատակների մասին, արագ ֆիքսեց ճագարաբուծության գաղափարն ու խոստացավ աջակցել:
Սիլվա Բերբերյան, «Զարթոնք 44» նախաձեռնության ղեկավար, բարերար - Ասել եմ՝ էրիկ ջան դու պետք է ճանապարհ բացես մեր մյուս զինվորների համար, լուսավոր ճանապարհ, հաղթանակների ճանապարհ, բիզնեսի ճանապարհ:
Սիլվա Բերբերյանը տղաներին օգնելու նախաձեռնություն սկսեց, դիմեց բարերաների նաև Հայաստանից դուրս: Հավաքված միջոցներով իրականություն է դարձնում տղաների գաղափարները: Ասում է՝ ամեն ինչ անելու են, որ զինվորներն ապաքինումից հետո իրենց նախընտրած գործով զբաղվեն:
Սիլվա Բերբերյան - Ցանկացանք մեր զինվորների համար աշխատատեղեր ստեղծենք, իրենք իրենց բիզնեսն ունենան, աշխատանք ունենան:
Էրիկն առայժմ փոքր ֆերմայում 30 ճագար է պահում: Մինչև տարեվերջ որոշել է թիվը հասցնել 100-ի: Վանդակների ճիշտ կառուցման համար մասնագետներն են օգնել. այնպես են պատրաստել, որ 3-4 ճագար տեղավորվի:
Ընդհանուր՝ 16 ծնարան ունի, 16 հիմնական վանդակ: Հաշվարկել է՝ շահեկան բիզնես է, երեք ամիսը մեկ ճագարը մինչև 12 ձագ է ունենում: Վաճառքի մեծ շուկա դեռ չի գտել, հարևաններն ու շրջապատը գիտեն իր գործի մասին ու արդեն գնորդներ կան:
Էրիկն ու նրա երազանքն իրականություն դարձրած տիկին Սիլվան հաճախ են հանդիպում: Գաղափարներն իրականություն դարձնելու ճանապարհին սպասող մյուս տղաների հետ քննարկում են նոր բիզնեսի հեռանկարները: Հաջորդ նախագիծը՝ մոտ մեկ ամսից: Վահեն որոշել է ջայլամաբուծությամբ զբաղվել: Միջոցները կան, առաջին խմբաքանակի պատվերը կատարված է: