Քարտեզի վրա Ադրբեջանում առկա այս շրջանակը հայկական Արծվաշենն է: Ադրբեջանական նման երեք անկլավ էլ կա Հայաստանի Տավուշի և Արարատի մարզերում, սակայն Խորհրդային Միության 1928 թվականի քարտեզում պատկերն այլ է:
Տարոն Հովհաննիսյան (փորձագետ) - Տեսնում ենք այս հատվածում այն, ինչ սովոր ենք տեսնել ներկա քարտեզներում: Այս հատվածում Տիգրանաշենը, կլորի մեջ վերցված, որպես ադրբեջանական անկլավ, չկա, գոյություն չունի: Նույնը նաև Տավուշում՝ Բարխուդարլու, Սոֆուլու և Վերին Ոսկեպար կոչված անկլավները:
Անկլավներն ի հայտ են եկել միութենական սահմանազատումների արդյունքում, երբ Խորհրդային Հայաստանի որոշ տարածքներ անցել են Խորհրդային Ադրբեջանին: Արցախյան առաջին պատերազմի ընթացքում Տավուշում գտնվող անկլավները մնացել են հայկական վերահսկողության տակ, Արծվաշենն էլ՝ Ադրբեջանի:
Մամիկոն Խեչոյան (Արծվաշեն համայնքի ղեկավար) - Գյուղից տեղահանվել է 3000 մարդ, մի քանի ժամվա մեջ: Տեղափոխումը եղավ մեկ օրվա մեջ՝ օգոստոսի 8-ին: Տեղահանման ավտոբուսները բերել են, կանգնեցրել ու ասել՝ 2 ժամ ժամանակ ունեք, որպեսզի այստեղից դուրս գաք: Մի տոպրակի չափ բան կարող էին վերցնել մեկ ավտոբուսի մեջ, իսկ ամեն տունը 150 տարվա տուն էր:
Խորհրդային Միության տարիներին այս ցուցանակի փոխարեն գրված էր Քյարքի, և ներկայիս Տիգրանաշենն ընդգրկված էր Խորհրդային Ադրբեջանի կազմում։ Մինչև 1992 թվականն այստեղ ապրում էին ադրբեջանցիներ, Արցախյան առաջին պատերազմի ընթացքում այն անցավ Հայաստանի զինված ուժերի վերահսկողության ներքո և բնակեցվեց Ադրբեջանից տեղահանված հայերով:
Վարսիկ Ալթունյանը Բաքվի ջարդերից մազապուրծ լինելուց հետո Տիգրանաշենում բնակություն հաստատածներից մեկն է: 30 տարի առաջ, թողնելով Բաքվի կենտրոնում կառուցված տունն ու ունեցվածքը, Տիգրանաշենում կյանքը սկսել է սկզբից:
Վարսիկ Ալթունյան (Տիգրանաշենի բնակիչ) - Բաքվեցի ենք մենք: 33 տարի ապրում ենք այստեղ: Բոլորը ջարդուփշուր էր, ամենը կողոպտել, տարել էին: Այստեղ ոչինչ չի եղել:
44 տուն ունեցող գյուղի բնակիչներն ավելացել են նաև Արցախյան երկրորդ պատերազմից հետո: Քարվաճառից եկած Արմեն Հովհաննիսյանն ընտանիքով Տիգրանաշենում է հաստատվել մեկ ամիս առաջ:
Արմեն Հովհաննիսյան (Տիգրանաշենի բնակիչ) - Վերջին պատերազմի ժամանակ տեղափոխվեցինք Երևան, այնտեղից եկանք այստեղ ապրելու:
Հայկական և ադրբեջանական անկլավների հարցը բուռն քննարկման առարկա դարձավ նախորդ շաբաթ, երբ մամուլում տարածվեց Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների սեղանին դրված աշխատանքային փաստաթուղթը:
Մովսես Հարությունյան (քաղաքագետ) - Փաստաթղթով չի ենթադրվում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի փոփոխություն, չի ենթադրվում Հայաստանի Հանրապետության կողմից տարածքների զիջում, չի ենթադրվում անկլավների փոխանակում, ոչ մի խոսք չկա այդ մասին, բացի այդ, նաև փաստաթուղթը չի նախատեսում անգամ սահմանազատման սկզբունքների և մեխանիզմների իրականացումը:
Քաղաքագետ Մովսես Հարությունյանի խոսքով՝ շրջանառվող փաստաթուղթը ենթադրում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ներկայացուցիչների աշխատանքային խմբի ստեղծում, որը պետք է բանակցություններ վարի երկու երկրի միջև առաջացած նոր սահմանների, ինչպես նաև նախկինում առկա սահմանների սահմանագծումն իրականացնելու շուրջ:
Մովսես Հարությունյան - Փաստաթղթում հողերի հանձնման կամ անկլավների փոխանակման դրույթները բացակայում են, և եթե անգամ վկայակոչվում է, որ հետագայում՝ հանձնաժողովի ստեղծումից հետո, հնարավոր է իրավիճակ, երբ քննարկվի տարածքների փոխանակման հարցը, անգամ այդ դեպքում, ով ուզում է լինի Հայաստանում իշխանություն, չի կարող միանձնյա որոշում կայացնել և չակերտավոր «հանձնել» հողերը:
Սահմանադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեով:
Ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան դրան մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան