Վանաձորում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց վանաձորցիներին ջերմ ընդունելության համար:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստամի գործող իշխանությանը, կառավարությանը և անձամբ իրեն ուղղված քստմնելի մեղադրանքները չեն կարող իրական լինել:
«Ժամանակն է պատասխանել մի շատ սկզբունքային հարցի՝ ինչո՞ւ հրադադարից հետո երկար տարիներ հնարավոր եղավ խուսափել պատերազմից և ինչո՞ւ հիմա հնարավոր չեղավ»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը՝ դիմելով հավաքվածներին:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ պատերազմից հնարավոր է եղել խուսափել այն պարզ պատճառով, որ հայկական կողմի բանակցողները շարունակաբար, բանակցային սեղանի շուրջ փուլ առ փուլ զիջել են Հայաստանի և Արցախի կենսական շահերը. 1997-1998 թթ. զիջվել է Արցախի բանակցային կարգավիճակը:
«Արդյունքում սեղանին է դրվել Մեղրիի տարբերակը: Թեև Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի շնորհիվ այն չի իրագործվել, բայց սեղանին դրված ցանկացած փաստաթուղթ հետագայում դառնում է բանակցային բովանդակություն, և ադրբեջանական կողմը ստացել է շատ կարևոր մի բան՝ բանակցային այդ բովանդակությամբ արձանագրվել է, որ Շուշիի շրջանը առանձին երևույթ է, ԼՂ ինքնավար նախկին մարզը՝ այլ երևույթ: Իսկ Լաչինի շրջանը արտգործնախարար Վարդան Օսկանյանը 1999 թ. անվանել է «օկուպացված տարածք»,- նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը: