Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կիրակին սկսել է մարզերում քաղաքացիների հետ հանդիպումներով: Այս իշխանությունը չունի ընտրակեղծարարի բարոյական նկարագիր՝ Ապարանում իր խոսքում նշել է Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետի պաշտոնակատար) - Հունիսի 20-ին քաղաքացին պետք է հաղթի: Ամեն մի քվեն տեղ է հասնելու: Ընտրությունները շատ լավ առիթ են, որպեսզի ՀՀ քաղաքացին վրեժ լուծի 1996-ից հետո բոլոր կեղծված ընտրությունների համար: Այդ տարիներին քաղաքացու քվեն խլած բոլոր ներկայացուցիչները, ըստ էության, մասնակցում են ընտրություններին:
Ղարաբաղյան հարցի մասին խոսելիս վարչապետի պաշտոնակատարը վերադառնում է 1990-ական թվականների վերջ: Փաշինյանի խոսքով՝ այդ ժամանակ հենց Ղարաբաղը դուրս մնաց բանակցային գործընթացից, իսկ դա նշանակում է Ղարաբաղի հարցը դարձնել տարածքային վեճ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Նիկոլ Փաշինյան - Ես հույս ունեմ, որ ընտրություններից առաջ բանավեճ կլինի, և նրանք ստիպված կլինեն պատասխանել այդ հարցերին: Ես հունիսի 18-ին կայանալիք ուղիղ եթերում բանավեճին սպասում եմ Ռոբերտ Քոչարյանին ու Լևոն Տեր-Պետրոսյանին: Եվ այդ բանավեճի ժամանակ ամենալավը կերևա, շատ հեշտ է փակ դահլիճներում խոսել, կգաք, դեմ դիմաց կկանգնեք, կխոսենք, և բացատրություն կտաք, այո՛, Քոչարյանը պիտի բացատրություն տա, թե 1997-1998 թթ. Ղարաբաղը ինչի՞ է բանակցային գործընթացից դուրս թողել: Եթե դառնում է տարածքային վեճ, զարգանում է մի ուրիշ տրամաբանություն, եթե տարածք եք ուզում, պիտի տարածք տաք: Էդտեղից է ի հայտ գալիս Մեղրին Ադրբեջանին հանձնելու դավադիր և դավաճանական ծրագիրը: Եվ այդ ծրագիրը Քոչարյանն է դավադիր ու դավաճանական կերպով տարել, ՀՀ ԱԽ նիստում քննարկել:
Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի վերջին գործողությունները միտված են ազդելու նաև ընտրությունների արդյունքների վրա՝ նշում է Փաշինյանը: Բաքուն, ըստ վարչապետի պաշտոնակատարի, ընտրություններում կոնկրետ արդյունք է ուզում տեսել:
Նիկոլ Փաշինյան - Հիմա նրանք էս ընթացքում անընդհատ ասում էին, որ ՀՀ և Ադրբեջանի կառավարությունների միջև թաքուն, գաղտնի պայմանավորվածություններ կան: Ընդհակառակը, եթե պայմանավորվածություններ լինեին, կարվեր ամեն ինչ, որ նախընտրական այս շրջանը լիներ հանդարտ, հանգիստ, որ հետագայում էդ պայմանավորվածությունները կյանքի կոչվեին, բայց հակառակն է՝ ամեն ինչ արվում է գործող կառավարությանը ընտրությունների ընթացքում խանգարելու համար: Սա հերքում է, որ պայմանավորվածություն կարող է լինել, և ամրապնդում է այն վարկածը, որ եթե կա կուլիսային պայմանավորվածություն, ապա դրա սուբյեկտը ամենևին էլ գործող կառավարությունը չէ: Եվ դա կարող են լինել այն սուբյեկտները, որոնք Ղարաբաղը դուրս են թողել բանակցային գործընթացից, ովքեր Մեղրին հանձնելու հարց են բերել հայաստանյան օրակարգ և ովքեր 1999 թվականի Եվրոպայում անվտանգության Ստամբուլյան խարտիայով, ըստ էության, ամրագրել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությամբ ԼՂ հարցը լուծելու բանաձևը:
Սահմանային անվտանգության վերաբերյալ
Փաշինյանի խոսքով՝ խնդրի հանգուցալուծման վերաբերյալ Հայաստանի, Ռուսաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումներն ու առաջարկները համընկնում են: Ըստ մեր կառավարության ճանապարհային քարտեզի՝ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է իրենց զորքերը հետ քաշեն դեպի մշտական տեղակայման վայրեր, ինչից հետո միջազգային կառույցների մասնակցությամբ կսկսվի սահմանագծման և սահմանազատման գործընթացը:
Նիկոլ Փաշինյան - Սահմանագծման պրոցեսի նկատմամբ ուզում են վախ ներշնչել հանրությանը, դրանից վախենալու կարիք չկա, որովհետև անկախ պետության համար դա պարտադիր գործընթաց է, ինչ-որ պահի պետք է գա և հանգի սահմանազատման և սահմանագծման գործընթացների:
Քաղաքացիներին փորձում են վախեցնել նաև կոմունիկացիաների բացումով՝ շարունակում է Փաշինյանը: Իրավիճակը համեմատելով Իրանի ու Վրաստանի բաց սահմանների հետ՝ վարչապետի պաշտոնակատարը պնդում է՝ որքան շատ բեռնատար գա Հայաստան, այնքան կզարգանա տնտեսությունը՝ նրանք կգնեն վառելիք, կօգտվեն խանութներից, հյուրատներից, ավտոսպասարկման կետերից:
Նիկոլ Փաշինյան - Այո՛, խնդի՞ր է արդյոք, որ այդ ճանապարհով անցնեն այլազգիներ և ադրբեջանցիներ: Դուք գիտեք, որ Իրանի հյուսիսում և Վրաստանի հարավում ապրում են ադրբեջանցիներ, և այսօր էլ, ինչքան չենք բարձրաձայնում, բազմաթիվ ադրբեջանցիներ, և էդպես է եղել վերջին 30 տարում, միշտ է եղել, Վրաստանից՝ Սադախլոյի կողմից, Իրանի հյուսիսից, այսինքն՝ դա կա, դա տեղի է ունենում: Բայց այսօրվա մեր գործընթացում առայժմ ճանապարհների հետ կապված հստակություն և տեսակետների մոտարկում անգամ չկա: Դա ապագայի հարց է: Առաջին փուլում կարևորում ենք երկաթուղու հարցը: Խոսքը խորհրդային տարիներին եղած երկաթուղիները վերաբացելու մասին է, ընդ որում, երկաթուղին հունվարի 11-ի մեր հայտարարության մեջ նշված է, թե ինչպես այդ հաղորդակցությունը պետք է տեղի ունենա:
Առաջին անգամ է, երբ մենք միջազգային տարբեր կառույցներից ունենք պատշաճ արձագանք՝ գերիների վերադարձի հետ կապված՝ նշում է վարչապետի պաշտոնակատարը, միջազգային հանրությունը հստակ արձանագրել է գերիների վերադարձի անհրաժեշտությունը:
Նիկոլ Փաշինյան - Գերիների վերադարձի հարցը ժամանակի հարց է: Այս հարցն էլ են օգտագործում Հայաստանի ներքաղաքական կյանքում սրացումներ ապահովելու համար: Դա օգտագործում են մեր ներսում բախումներ հրահրելու համար: Մենք դա հասկանում ենք, ինչքան էլ դժվար է, պիտի թույլ չտանք, որ Ադրբեջանը այդ գործոնը մեր ներքաղաքական իրադրություններում օգտագործի:
Վարչապետի պաշտոնակատարի հաջորդ կանգառը Ջրաշենն էր:
Հայաստանում այնքան ջուր կա, որ կբավարարի ամբողջ երկիրը ոռոգելու համար, մինչդեռ ՀՀ անկախությունից հետո հողերի կեսը չի մշակվում, 75 տոկոսն էլ ոռոգելի չէ՝ նշում է Փաշինյանը: Խնդիրը լուծելու համար որոշել են կաթիլային ոռոգման անցած տնտեսություններին 2022-ից 5 տարով ազատել ոռոգման վճարներից: Փաշինյանը կարևոր ձեռքբերում է համարում նաև գյուղապահովագրությունները:
Նիկոլ Փաշինյան - Էդ ծրագրով կարտոֆիլն ու հացահատիկը մտել են ապահովագրության մեջ: 1 հա համար կարտոֆիլը 56 հազար դրամ է, հացահատիկը՝ 28 հազար դրամ, սրանց կեսը վճարում է կառավարությունը: Կարկտահարության դեպքում, օրինակ՝ հնարավորություն է, որ գումարը կփոխհատուցվի: Խելացի անասնագոմերի ծրագիրը: Մենք գյուղացիների ծախսած գումարի որոշակի տոկոսը քեշ փողով հետ ենք տալիս: Սա ապահովում է կաթի գնի վայրիվերումներից, 190-ից երբեք չի իջնելու:
Անվտանգ երկիր ունենալու համար նախ՝ ներքին միասնականություն է պետք՝ նկատում է Փաշինյանը, ներկայացնում իրենց և նախկին իշխանությունների տարբերությունները:
Նիկոլ Փաշինյան - Քանի դեռ մեր իշխանությունն է Հայաստանում, ժողովուրդը ցանկացած ընտրությունով կարող է փոխել իշխանությանը: Եթե նրանցից որևէ մեկը հայտնվի իշխանության, ժողովուրդը զրկվելու է իշխանություն փոխելու հնարավորությունից, և Հայաստանը նորից մտնելու է մարտի 1-երի և հոկտեմբերի 27-ի էջեր: Հայաստանը մտնելու է մի փուլ, երբ բարևելու համար քաղաքացիներին տանում են, զուգարաններում ծեծելով սպանում ... Եվ ես վստահ եմ, որ թույլ չեք տա, որ ձեր իշխանությունը ձեզնից խլվի, ձեր իրավունքը ձեզնից խլվի, ձեր ապագան ձեզնից խլվի: Մենք պետք է հունիսի 20-ին գնանք ընտրատեղամասեր և ապացուցենք առնվազն 60 տոկոսով, որ ապագա կա:
Սպիտակ հասնելուն պես Փաշինյանը արձանագրում է՝ առաջին անգամ Երևանից մինչև Սպիտակ փոսերից զուրկ ասֆալտով կարելի է հասնել: Հիմա հերթը ոլորաններինն է՝ հավելում է Սուրեն Պապիկյանը: Կառավարությունը վերջին տարիներին 3 մլրդ դրամ է հատկացրել երկրաշարժից անօթևան մնացածներին, լուրջ բարեփոխումներ իրականացրել առողջապահական ոլորտում՝ կատարած աշխատանքն է ամփոփում վարչապետի պաշտոնակատարը:
Պատերազմից խոսելով՝ վերահաստատում է՝ Հայաստանը պարտվել է, և պատասխանատվությունն այդ ամենում իրենցն է, սակայն հավելում է՝ հակառակորդն այս պատերազմին մոտ երեք տասնամյակ է պատրաստվել:
Նիկոլ Փաշինյան - Մարդիկ 30 տարի փոխանակ բանակ դարձնեին, բանակը նրանց ձեռքին քաղաքական գործիք էր, և դրանով ջարդեցին բանակի ողնաշարը: Էս ապրիլին էլ ջարդեցին: Մենք երբեք չենք պահանջել, որ մեզ աջակցություն ցույց տան, մենք բանակի առաջ քաղաքական խնդիրներ չենք դրել:
2018-19-ին ժողովրդի տված մանդատը թավշյա էր՝ Վանաձորում քաղաքացիների հետ հանդիպմանն ասում է Նիկոլ Փաշինյանը և հավելում, հիմա եկել է պողպատյա մանդատի ժամանակը: Փաշինյանը վստահեցնում է՝ պողպատն օգտագործելու են Հայաստանի ողնաշարն ուղղելու համար:
Նիկոլ Փաշինյան - Ես էսօր ստեղ սենց ասում եմ՝ ինչի համար, որովհետև եթե հարցը լիներ իմ կամ մեր անձինը, մենք, հավատացեք, վաղուց էինք գնացել, բայց մենք հասկացել ենք, որ իսկական դավաճանությունը կլինի այն, որ մենք ժողովրդին մենակ թողնենք քոչարյանասերժական ոհմակի առաջ, և մենք եկել ենք ասելու, որ այդ ոհմակի ատամները ջարդելու ենք հենց այս ընտրություններում:
Փաշինյանը հիշում է 2020-ի հուլիսին այդ ժամանակվա գլխավոր շտաբի պետի հետ զրույցը: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ այդ ժամանակ իրեն զեկուցվել է, որ բանակն ունի անհրաժեշտ ամեն ինչ:
Նիկոլ Փաշինյան - 2019 թվականին մենք 25 տոկոսով բանակի ֆինանսավորումը ավելացրել ենք, որովհետև իմացել ենք՝ ինչի առաջ ենք կանգնել, իմացել ենք, որ զիջելու բան չկա էլ, որ մի բան զիջենք, բայց մարդիկ, պարզվում է, պատերազմի օրերից սկսած ուրիշ բանով են զբաղված:
Ամբիոնից հայտարարում էին, որ պատերազմի օրերին զանգում էին գեներալներին, ասում էին՝ ինչ գործ ունեք այդտեղ, եկեք, Երևանում իշխանություն փոխեք: Հիմա ձեր զանգերը տեղ հասան, ձեր իմացած գեներալներն էսօր հասան իրենց արժանի տեղերը: Էսօր ասեցի, էն մարդիկ, ում հարգել, պատվել ենք, կոչումներ, մեդալներ ենք շնորհել, ասացվածքը հենց իրենց դեպքում հաստատվեց, որ «խոզի գլուխը դնում ես գորգին, գլորվում, ընկնում է ցեխի մեջ», և էսօր ես շատ ուրախ եմ, որ էդ մարդիկ հասել են իրանց կյանքի ամենամեծ նպատակին, դարձել են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի բուկլետ բաժանողները: Ձեր հաջորդ հանգրվանը ուրիշ է, մոյկի բուկլետ կա, չէ՞, Քոչարյանից, Սերժից հետո մոյկի բուկլետ եք բաժանելու Երևանի փողոցներում ու ձեր գյուղերում:
Այսօրվա հանդիպումների շարքը Նիկոլ Փաշինյանն ավարտեց վանաձորցիների հետ երթով: