Արցախցի երեխաների հետպատերազմական կյանքն ու ապրումներն ամբողջացել են նրանց առաջին ցուցահանդեսում ՝«Խաղաղության թռչունները» խորագրի ներքո: 44-օրյա պատերազմի օրերին Հայաստանում ապաստանած արցախցի փոքրիկների համար Գեղագիտության ազգային կենտրոնում, Սոնա Բանոյանի արվեստանոցում, տարեսկզբին սկսվեցին գեղանկարչության դասընթացները:
Դասընթացներն սկսվեցին տարեսկզբին՝ «Արտույտ» ընկերության աջակցությամբ և, ըստ էության, երեխաների կարոտն ու նկարելու ձգտումը վերածեցին յուրօրինակ արթթերապիայի:
Կրթական այս նախագծին միացավ նաև իտալահայերի «Իտալիան՝ Արցախի համար» նախաձեռնությունը: Բացի այդ, սոպրանո Ռուզան Մանթաշյանի և տենոր Հայկ Վարդանյանի հետ «Արաբկիր» հայորդաց տանը ստեղծեցին նաև մանկական երգչախումբ: Նախաձեռնությունը շարունակական է լինելու:
Փոքրիկ նկարիչները հուզմունքով և ուրախությամբ են խոսում առաջին անգամ ցուցադրվելու ուրախության և յուրացրած դասերի մասին:
Երեխաների մի մասն արդեն վերադարձել է հարազատ Արցախ, սակայն կազմակերպիչները ցուցադրել են նաև նրանց անավարտ գործերը: Ասում են՝ այս նկարները մեծ խորհուրդ ունեն՝ ստեղծարար սկզբի ու միշտ վերածնվող հույսի: