Թեև Իրանում հունիսի 18-ին նախագահի ընտրություններ են, Թեհրանից ակնարկում են՝ ով էլ ձևավորի առաջիկա կառավարությունը, Հայաստանի հետ հարաբերություններում զգալի փոփոխություններ չեն սպասվում:
Իրանցի պաշտոնյաների այցերով հագեցած շաբաթվա ընթացքում Հայկ Նավասարդյանը զրուցել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ՝ փորձելով պարզել, ինչ դերակատարում կարող է ունենալ Թեհրանը երկու հարևանների միջև կոնֆլիկտը հարթելու հարցում:
- Մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերը հատել են ՀՀ սուվերեն տարածքը և չեն հեռանում, մայիսի 27-ին ՀՀ ԶՈՒ պայմանագրային ծառայողներին առևանգեցին Հայաստանի տարածքից, պաշտոնական Բաքուն նրանց որպես ահաբեկիչներ է ներկայացրել, ովքեր իբրև հատել են Ադրբեջանի տարածքը: Ինչպե՞ս եք գնահատում Ձեր մի հարևանի պահվածքը մյուս հարևանի նկատմամբ:
- Մենք խորապես ցավում ենք, որ սահմանային լարվածության արդյունքում տուժում են մեր հարևան երկրների ժողովուրդները: Հուսով եմ, որ վերջին օրերին երկու երկրների սահմաններին տեղի ունեցած դեպքերը հնարավորինս շուտ, խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան լուծում կստանան: Մենք մեր հնարավորության սահմաններում` այլ կողմերի հետ երկխոսության և համագործակցության միջոցով, հետամուտ ենք լինում այս հարցը լուծմանը: Հակամարտությունից և վիճակի սրացումից ոչ մի կողմ չի շահի:
- Այս շաբաթ արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ընդգծեց, որ «միջազգայնորեն ճանաչված սահմանները և տարածքային ամբողջականությունը Թեհրանի կարմիր գիծն են»: Ի՞նչ է սա նշանակում:
- Ինչպես ընդգծվեց, արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի այցի ժամանակ, տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը, միջազգային սահմանների անփոփոխ լինելու հանգամանքը և երկու հարևան երկրների միջև խաղաղության հաստատումը մեզ համար միանշանակ կարևոր են: Անապահով և վտանգավոր պայմանները հնարավորություն կստեղծեն կործանարար դերակատարների միջամտությանը: Մենք պատրաստակամություն ենք հայտնել և կանենք ամեն ինչ, որպեսզի կանխենք վտանգավոր հավանականությունները:
- Վերջին շրջանում Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով լուրջ խնդիրներ են առաջացել Իրանին սահմանակից Սյունիքում: Ադրբեջանի ղեկավարն անընդհատ խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին: Ինչպե՞ս կգնահատեք իրավիճակն Իրանի տեսանկյունից, և կարո՞ղ է արդյոք Թեհրանն ազդել խնդրի կարգավորման վրա:
- Արտաքին գործերի նախարարն Ադրբեջանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետություն կատարած այցի և երկու երկրների պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ընթացքում խոսել է այս հարցի մասին: Մենք փորձում ենք մոտեցնել երկու կողմերի տեսակետները և ապահովել հիմնախնդրի խաղաղ կարգավորումը: Մենք ակնկալում ենք, որ տարածաշրջանային խնդիրներում ակտիվ այլ երկրները նույնպես այս առումով ակտիվություն ցուցաբերեն:
- Կրկին ակտիվացել է Պարսից ծոց - Սև ծով միջազգային միջանցքի գործարկման հարցը: Սա, ի՞նչ եք կարծում, կարո՞ղ ենք դիտարկել որպես 44-օրյա պատերազմից հետո ենթադրվող տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման գործընթացում, թե՞ այլ պատճառներ կան:
- Այս երկու խնդիրները տարբեր են: Մի քանի տարի է՝ ինչ արծարծվում է Պարսից ծոց - Սև ծով միջանցքի հարցը, և դրանում ներգրավված են մի քանի երկրներ: Բանակցություններ են ընթանում Իրանի, Հայաստանի և այլ երկրների հետ, ինչպիսիք են Վրաստանը, Հունաստանը և Բուլղարիան: Այս երկրները գտնվում են Սևծովյան կողմում, և հետաքրքիր է, որ Պարսից ծոցի կողմում գտնվող այլ երկրներ ևս այս երթուղու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել: Սա շատ կարևոր է, քանի որ Իրանի և Հայաստանի միջև հարմար տրանսպորտային ուղին կարող է ավելացնել Իրան-Հայաստան առևտրաշրջանառության ծավալը և հնարավորություն ստեղծել Իրանի և Հայաստանի համար բազմաթիվ շուկաներ մուտք գործելու համար:
- Ո՞րն է այս պարագայում Հայաստանի քայլը, ի՞նչ ակնկալիքներ կան այս առումով Հայաստանից:
- Այս նախագիծը պահանջում է քաղաքական կամք, ֆինանսավորում և լուրջ մոտեցում այն իրականացնելու հարցում: Մենք ուրախ ենք, որ Հայաստանի կառավարությունն առավել քան երբևէ ընդգծում է Հյուսիս-հարավ միջանցքի կարևորությունը: Իրանը նույնպես հայտարարել է այս նախագծի իրականացմանը մասնակցելու պատրաստակամության մասին: Մենք ունենք ընկերություններ, որոնք լիովին ունակ են իրականացնել այս նախագծի բարդ հատվածները: Հարկ է նշել, որ այս հարցը քննարկվեց նաև մեր ճանապարհների և քաղաքաշինության նախարարի՝ վերջերս Հայաստան կատարած այցի ընթացքում, և այժմ մենք համապատասխան տեղեկատվություն ենք փոխանակում:
- Արդեն մեկ տարի է, ինչ ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան եք: Խոսենք հայ-իրանական հարաբերությունների մասին՝ տնտեսական, քաղաքական: Երկկողմ հարաբերությունների զարգացման ի՞նչ հնարավորություններ եք տեսնում:
- Մենք համագործակցության հարուստ օրակարգ ունենք: Երկու երկրների պաշտոնատար անձանց միջև սկսվել են բարձր մակարդակի քաղաքական երկխոսություններ, և մենք մտադիր ենք լրջորեն հետամուտ լինել այս ծրագրին: Մենք պետք է աշխատենք երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստն անցկացնելու ուղղությամբ: Հատկանշական է նաև երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների աճը: Տնտեսական համագործակցության ոլորտում արծարծվում են գազ-էլեկտրաէներգիա փոխանակման պայմանագրի երկարաձգման և Հայաստան գազի արտահանման ծավալի ավելացման հարցերը, ինչը մենք պետք է առաջ տանենք և Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարական աշխատանքները ավարտին հասցնենք: Պետք է փորձենք համագործակցություն սկսել` Հայաստանի տարածքում Հյուսիս-հարավ միջանցքի կարևորագույն հատվածների ուղղությամբ: Մենք ունենք նաև շատ կարևոր հարցեր՝ մշակութային, գիտական և միջբուհական կապերը զարգացնելու և զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ, որոնց պետք է հետամուտ լինել:
- Գրեթե միաժամանակ Հայաստանում և Իրանում ընտրություններ են, հունիսի 18-ին Իրանում նախագահի ընտրություններ են, ի՞նչ ակնկալել նոր կառավարությունից, հնարավո՞ր են բովանդակային փոփոխություններ հայ-իրանական հարաբերություններում:
- Իրանի քաղաքական համակարգի կառուցվածքում իշխանության տարբեր կենտրոններ իրենց ազդեցությունն ունեն մակրոքաղաքականության մշակման և արտաքին քաղաքականության իրականացման գործում: Կառավարությունն արտաքին քաղաքականության իրականացնողն է և իհարկե, մասնակցում է քաղաքականության մշակման գործընթացին: Ուստի, չնայած տարբեր տարիներին նախագահների փոփոխությանը, մեր երկրի արտաքին քաղաքականության ընդհանուր ուղղությունը կտրուկ չի փոխվում:
Հայաստանի և այլ հարևանների հետ հարաբերությունների ամրապնդումը և երկրի շուրջ խաղաղության և անվտանգության պահպանման ջանքերը չափազանց կարևոր են Իրանի ցանկացած կառավարության համար: Հուսով եմ, որ նոր շրջանում ոչ միայն ուշադրություն կդարձվի Հայաստանի հետ հարաբերությունների կարևորությանը, այլև ավելի շատ և նոր էներգիա կհաղորդվի երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
Հուսով եմ նաև, որ նոր խորհրդարանի ձևավորումը և Հայաստանի ներքաղաքական կյանքում հանգստության հաստատումը ավելի շատ էներգիա և դինամիկա կհաղորդեն երկու երկրների հարաբերություններին: