Վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Ավան վարչական շրջանի ՔՊ կուսակցության համակիրների հետ հանդիպմանն անդրադարձավ տարածաշրջանում կոմունիկացիաների բացման հարցին՝ նշելով, որ քարտեզին նայելիս ցանկացած մարդ կարող է հասկանալ, որ միջավայրը Հայաստանի համար վտանգավոր է, բայց միջավայրը այդպիսին է եղել միշտ, և դրանից վախենալ պետք չէ, այլ պետք է գործել:
«Այո՛, ճանապարհները պետք է բացվեն, այո՛, «միջանցք»՝ էն տրամաբանությամբ, որը մեզ վախեցնում է, պետք է չլինի, բայց մենք պե՞տք է աշխատենք, որ, օրինակ՝ Իջևանով երկաթուղին բացվի և հնարավոր լինի դուրս գալ ՌԴ կամ որևէ այլ տեղ:
Մենք պե՞տք է աշխատենք, որ Մեղրիով երկաթուղին աշխատի, պե՞տք է խնդիր դնենք, որ Երասխով երկաթուղին աշխատի, որ մենք հնարավորություն ունենանք և՛ Իրանի Իսլամական Հանրապետություն գնալ, և՛ Ռուսաստանի Դաշնություն գնալ: Այսինքն՝ եթե մենք ուզում ենք որակապես փոխել մեր կյանքը, էս ճանապարհով պետք է գնանք: Արդյոք բացվելը ռիսկեր պարունակո՞ւմ է, իհարկե պարունակում է, արդյոք փակ մնալը ռիսկեր պարունակո՞ւմ է, իհարկե պարունակում է, արդյոք բացվելը մեր բոլոր խնդիրները լուծելո՞ւ է, ո՛չ, դրա հետ գալու են նոր խնդիրներ, որոնոցով պետք է զբաղվել:
Եթե մեր օրակարգում նոր հարցեր, նոր թեմաներ չեն գալիս, դա նշանակում է, որ մենք անընդհատ նույն կետում կանգնած ենք: Իսկ երբ մենք նույն տեղում կանգնած ենք, դա ամենամեծ մարտահրավերն է: Եվ պետք չէ վախենալ: Մեզ անընդհատ վախեցնում են մեր ազգային ինքնության կորստով: Պետք է վախենալ միայն չզարգացումից, տեղապտույտից, հուսահատությունից, ճահճացումից, որովհետև դա է բերում անխուսափելի կորուստների: Պետք է ընդունել մարտահրավերները, չփախչել այդ մարտահրավերներից ու կառավարել՝ որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, կառավարել որպես միջազգային համագործակցության ջատագով և խթանող»,- հավելեց Փաշինյանը: