Արցախյան բոլոր պատերազմներում մեզ հետ՝ կողք-կողքի կռվել են մեր եզդի եղբայրները: Վերջին պատերազմում մարտական առաջադրանքը կատարելիս անմահացավ եզդի ժողովրդի զավակ՝ ժամկետային զինծառայող Նորայր Մստոյանը: Զոհվածի ընտանիքին այցելել են Աննա Հակոբյանն ու Լենա Նազարյանը:
Նորայր Մստոյանն ընտանիքի փոքր որդին էր: Ավագ քույրերն ու եղբայրներն ամուսնացել, գնացել էին Հայաստանից: Ծնողների խնամքը նա էր ստանձնել. դպրոցում սովորելուն զուգահեռ նաև աշխատում էր: Բանակ գնալուց առաջ հարազատներին խոստացավ՝ պատվով ծառայելու է, հետ գա ու հերթով իրականացնի ծրագրերը:
Խաթունա Մստոյան, Նորայր Մստոյանի եղբոր կինը - Ասում էր՝ տունս կսարքեմ, կամուսնանամ:
Խոստումը չկարողացավ կատարել. 9 ամսվա զինվոր էր, երբ պայթեց պատերազմը: Որդու ծառայության ընթացքում մահացած մայրն այդպես էլ չիմացավ ոչ պատերազմի, ոչ էլ որդու «Բայրակթարից» զոհվելու մասին: Կամավորները, որոնք վերջին անգամ տեսել էին եզդի երիտասարդին, խոստովանել էին, որ շատ քաջ էր:
Ասլի Մստոյան, Նորայի Մստոյանի քույրը - Գնացի, իրենց տեսա, ասացին՝ ուժեղ տղա էր, անվախ, 9 ամսվա ծառայող էր, բայց շատ պատրաստված: Ասացին, որ չորս հոգով իր շնորհիվ են փրկվել:
Զինվորի մարմինը գտել էին երեք ամիս անց: Որդուց հետո հոր մոտ առողջական լուրջ խնդիրներ են առաջացել: Հոր սփոփանքը հիմա Նորայրի նկարնեն են ու հետմահու ստացած «Մարտական ծառայության» մեդալը, որն օրը մի քանի անգամ ձեռքն է առնում:
Զոհվածի ընտանիքին այցելության էին եկել վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը: Արտերկրից ժամանակավոր վերադարձած աղջկա խնամքին մնացած տղամարդն իրեն միայնակ է զգում:
Նորայրի քույրը պատմեց եղբոր անավարտ թողած գործերի, նրա մարտական կարճ, բայց հերոսական ուղու մասին, ներկայացրեց բնակարանի հուշ-անկյունում տեղ գտած նկարների պատմությունները:
Նոր Արմավիր գյուղում, որտեղ ապրում էր Նորայրը, բոլորի սիրելին էր ու հարևանների «շտապօգնությունը»: