Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Ավան վարչական շրջանի շտաբում հանդիպմանն անդրադարձավ քաղաքական որոշ ուժերի հայտարարություններին, թե հետընտրական պրոցեսներ են նախաձեռնելու:
«Այսօր մարդիկ նաև դրանից են շատ լարվում, ասում են, որ ուզում են ընտրություններից հետո կայունությունը վերականգնվի: Ես ուզում եմ մեր հայրենակիցներին մի այսպիսի ուղերձ հղել: Եթե մենք ուզում ենք, որ ընտրություններից հետո կայունությունը վերականգնվի ժողովրդի հաղթանակով, մենք խնդրում ենք, ակնկալում ենք և կոչ ենք անում, որ ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա ընտրողների քվեների 60 տոկոսը:
Սա անհրաժեշտ է, որ մենք այդ խաղաղ զարգացման դարաշրջանը բացենք: Մեզ պետք չեն այլ սցենարներ, մեզ պետք է, որ ընտրությունները տեղի ունենան, և մենք լիարժեք վերադառնանք մեր անվտանգային, տնտեսական, կրթական, սոցիալական հարցերի լուծմանը: Դրա երաշխիքը կարող է լինել քաղաքացին: Որպեսզի ժողովրդական մանդատի որևէ վիճարկում տեղի չունենա, շատ կարևոր է, որ ՀՀ քաղաքացիների 60 տոկոսը քվեարկի ՔՊ-ի օգտին: Եվ մենք խնդրում, հորդորում, կոչ ենք անում մեր քաղաքացիներին՝ գնալ և վերահաստատել իշխանության մանդատը, որովհետև դա իրենց իշխանության մանդատն է: Որովհետև դա նշանակում է, որ ՀՀ ժողովուրդը պահում է իր ձեռքերում իշխանությունը, և մենք, իհարկե, դրա համար ամեն ինչ կանենք, այսինքն՝ ամեն ինչ կանենք, որ օրինական ընտրություններում քաղաքացին գնա և քվեարկի մեր օգտին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: