Հայ-ղազախական առևտրատնտեսական համագործակցությունը մտնում է նոր փուլ: Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը նշում է, որ փորձելու են ակտիվացնել միջկառավարական հանձնաժողովների աշխատանքները: Սկսել են հայ-ղազախականից:
Կայացել է հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը:
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար) - Առաջինը, որ բերել եմ շատ լավ տրամադրություն և շատ լավ տրամադրվածություն երկու կողմից էլ:
Հայ-ղազախական տնտեսական պոտենցիալն ավելի մեծ է: Քերոբյանը վստահ է՝ համատեղ հաջողություններ կարող են լինել գյուղատնտեսության, շինարարության, ապրանքաշրջանառության ու էլեկտրոնային առևտրի ոլորտներում: Համատեղ ուժերով լոգիստիկ կենտրոն հիմնելու պայմանավորվածություն կա: Նախատեսվում է երկու երկրի շուկայում ունենալ էժան, բայց բարձրորակ ապրանք:
Քերոբյան - Ամենակարևոր խոչընդոտները, որոնք որ կան այժմ, լոգիստիկ խնդիրներն են:
Պայմանավորվել են վերականգնել ուղիղ օդային կապը Նուր Սուլթանի, Ալմաթիի ու Երևանի միջև: Հայ-ղազախական տնտեսական հարաբերությունների նոր շրջափուլը, տնտեսագետի գնահատմամբ, Եվրասիական տնտեսական միության հնգամյա ռազմավարական ծրագրի տրամաբանության մեջ է:
Անհրաժեշտ է օգտագործել միասնական տնտեսական միության բոլոր հնարավորությունները, քանի որ, տնտեսագետի խոսքով՝ հայ-ղազախական առևտրատնտեսական զարգացման տեմպն իսկապես բավարար չէ:
Ղազախստանի հետ տարեկան ապրանքաշրջանառությունը կազմում է 7 մլն դոլար: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ համավարակի և պատերազմի տնտեսական հետևանքների ֆոնին էլ հնարավոր է այս թիվը ավելացնել:
Հեղինակ՝ Լիլիթ Մկրտչյան