Կռվի միջով կյանքի ճանապարհը գտած վեց ընկերոջ պատմությունն էկրանավորվում է: Ֆիլմը նկարահանում է ամերիկահայ ռեժիսոր Նարե Մկրտչյանը:
Նարե Մկրտչյան, ռեժիսոր, ԱՄՆ - Այդ օրը, որ պետք է նստած լինեի օդանավի մեջ, նստած էի տղաների սենյակում:
Լոս-Անջելես-Երևան օդանավի տոմսն ամերիկահայ ռեժիսորը գնել էր՝ Արցախ հասնելու և թշնամու հսկողության տակ անցնող Ծիծեռնավանքի պատմությունը վավերագրելու համար:
Նարե Մկրտչյան - Կար զգացողություն, որ վերջին հայն էի այնտեղ, այնպես որ, քանի նկարում էի, իմ շուրթերին աղոթք էր: Հասկանում էի, որ վերջին անգամ են այդ պատերը զգում մեր աղոթքը: Ծիծեռնավանքի հետ կապ էի զգում: Ասես փոքրիկ դրախտիկ լիներ, հեռու էր մարդկանցից:
Գործն ավարտելուց հետո Միացյալ Նահանգներ վերադարձը ռեժիսորը հետաձգել է տարբեր պատճառներով: Արցախի դեմ թշնամու կիրառած սպիտակ ֆոսֆորի մասին նկարահանման համար Նարե Մկրտչյանն այցելել է Այրվածքաբանության կենտրոն, այնտեղ էլ հանդիպել 70-օրյա շրջափակումից փրկված զինծառայողների հետ:
Նարե Մկրտչյան - Տղաների հետ առաջինն այստեղ եմ հանդիպել, երեքը այստեղ էին պառկած: Դավիթն այլ տեղ էր: Երբ տեսա, կիթառ էր նվագում, մինչև հիմա նվագում է: Թեև ձմեռ էր, բայց ջերմ էր հիվանդանոցը:
Արմանի, Ռուսլանի, Դավիթի, Արսենի, Նիկոլայի ու Արթուրի մասին Ֆիլմի նկարահանումներն արվել են ու դեռ շարունակվում են Հայաստանում ու նաև Արցախում:
Նարե Մկրտչյան - Իրենց պատմության մեջ շատ հույս կա, հավատ կա, հրաշք կա: Իրենց շնորհիվ փորձում ենք պատմել պատմություններ: Ծնողները երկար են փնտրել, սպասել, շատ հուզիչ է, շատ գեղեցիկ:
Նարեն սովորել է համաշխարհային կինոյի ներկայացուցչական USC School of Cinematic Arts հանրահայտ դպրոցում, նկարահանել ավելի քան 60 կարճամետրաժ ֆիլմ: Տղաների մասին ֆիլմն առանձնացնում է, 44-օրյա պատերազմի այս պատմությունը փոխել է կյանքի հանդեպ հայացքն ու մոտեցումը:
Նարե Մկրտչյան - Իրենց միասնականությունը, իրենց պոզիտիվությունը, հույսն այնքան գեղեցիկ է:
Վավերագրական ֆիլմի շատ գաղտնիքներ չի բացահայտնում: Նկարահանումները դեռ չեն ավարտվել, քանի որ չի ավարտվել տղաների ճանապարհորդությունը՝ ապաքինումը: Նարեն Լոս Անջելեսի տոմս կգնի, երբ քայլեն բոլոր 6 զինվորները: