Աշխարհի բազմաթիվ երկրներում, ինչպես նաև Հայաստանում հունիսի 1-ին նշվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Երևանում և մարզերում օրվա խորհրդին համահունչ միջոցառումներ են կազմակերպվում, որին ավանդաբար միանում է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը:
Հունիսմեկյան ծրագիրն այս տարի գրադարանում մեկնարկելու է փոքրիկ արցախցիների և զինծառայողների երեխաների հյուրընկալությամբ:
Ժամը 11:00-16:00-ը գրադարանում նախատեսվում են միջոցառումներ բոլոր փոքրիկների համար. նրանք կարող են դիտել Թումանյանի «Շունն ու կատուն» տիկնիկային ներկայացումը, գրադարանի հարթակում մասնակցել բացօթյա նկարչությանն ու կավճանկարչությանը, կատարել նկարազարդումներ ժամանակակից մանկագիրներ Լիլիթ Ալթունյանի և Օլգա Դարյանի հեքիաթների հիման վրա:
Օրվա ընթացքում նախատեսվում է նաև ինտերակտիվ խաղ-քննարկում Աննա Ասլանյանի «Գագիկն ընկել է երազների գիրկը» հետաքրքրաշարժ գրքի շուրջ: Դերասան Ստ. Շահինյանը երեխաների համար հեքիաթներ կպատմի, իսկ գրադարանի դահլիճում օրվա ընթացքում կցուցադրվեն հայկական մուլտֆիլմեր:
Գրադարանը սիրով շնորհավորում է բոլոր մանուկներին և հրավիրում նրանց միասին անցկացնելու իրենց օրը: