Եվրամիությունը ողջունում է հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու առաջարկը և պատրաստ է աջակցելու սահմանազատման գործընթացին։ Ասվում է Միության արտաքին գերատեսչության տարածած ուղերձում։
Պիտեր Ստանո (ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ) - Հայ-ադրբեջանական սահմանի վերջին զարգացումները վտանգավոր և մտահոգիչ են։ Անհրաժեշտ է անհապաղ թուլացնել լարվածությունը:
Եվրամիությունը կոչ է անում երկու կողմին զերծ մնալ հավելյալ ուժերի տեղակայումից ու գործողություններից։ Բոլոր ուժերը պետք է հետ քաշվեն մինչև մայիսի 12-ը զբաղեցրած դիրքեր, և կողմերը պետք է բանակցություններ սկսեն սահմանազատման և սահմանագծման շուրջ: Մենք հորդորում ենք անհապաղ ազատ արձակել հայ գերիներին ու ձերբակալվածներին։ Ողջունում ենք լարվածությունը թուլացնելու բոլոր ջանքերը, այդ թվում՝ միջազգային դիտորդներ տեղակայելու առաջարկները։ Եվրամիությունը պատրաստ է խորհրդատվություն տրամադրել և օգնել սահմանագծման և սահմանազատման հարցում, նաև աջակցել այդքան անհրաժեշտ` վստահության ամրապնդման միջոցառումներին՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության ու բարգավաճման հասնելու համար։
Մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզից վեց գերիների առևանգման համար մտահոգ է Կանադան: Երկրի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել. «Կանադան մտահոգ է Ադրբեջանի զինված ուժերի կողմից վեց հայ զինվորի գերեվարման և հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարվածության կապակցությամբ: Կոչ ենք անում, որպեսզի բոլոր հարցերը լուծվեն խաղաղ բանակցության ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»:
Ադրբեջանական ագրեսիան նաև ԱՄՆ Կոնգրեսի ուշադրության առանցքում է: Հայկական հարցերի հանձնախմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որում անհանգստություն են հայտնում հայկական հողում Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների վերաբերյալ, որի պատճառով զոհվել է մեկ զինծառայող, առևանգվել վեց զինվոր:
«ԱՄՆ պետքարտուղարության հրամայականն է՝ Ալիևին պարտադրել հաշվետու լինել իր մահաբեր ագրեսիայի համար»,- նշված է հայտարարության մեջ: