Մինսկի և Արևմուտքի հարաբերությունները շարունակում են լարված մնալ: Բելառուսական իշխանությունները բողոքի նոտա են հղել ՄԱԿ-ի անդամ ութ երկրներին, երբ պաշտոնական Փարիզը, Դուբլինը և Տալլինը ՄԱԿ անվտանգության խորհրդում փակ քննարկում էին կազմակերպել՝ մայիսի 23-ին Մինսկում Ryanair ինքնաթիռի կատարած հարկադիր վայրէջքի առնչությամբ: Հանդիպումից հետո երկրները պահանջել են ազատ արձակել Ռոման Պրոտասևիչին և Սոֆյա Սապեգային, միջադեպը որակել՝ անօրինական ձերբակալություն:
-----
Բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունը մայիսի 28-ից օգոստոսի 28-ը չեղարկել է բոլոր չվերթները դեպի Տալլին: Ավելի վաղ Էստոնիայի կառավարությունն արգելել էր բելառուսական ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել իր օդային տարածքում: Երկուշաբթի էլ ԵՄ առաջնորդները որոշել էին արգելել բելառուսական ինքնաթիռների թռիչքները Եվրոպայի երկնքում՝ մայիսի 23-ին Մինսկում օդանավի հարկադիր վայրէջքից և Ռոման Պրոտասևիչի ձերբակալությունից հետո: Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը Բելառուսի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցներ սահմանելն անպատասխանատվություն է որակել, ինչը, ըստ Զախարովայի, վտանգում է ուղևորների անվտանգությունը:
-----
Մոսկվան պատրաստ է Եվրամիության հետ կարգավորել հարաբերությունները՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը: Սերգեյ Լավրովը, սակայն, ընդգծել է, որ կարգավորումը պետք է հիմնված լինի հավասարության, փոխադարձ հարգանքի, շահերի հավասարակշռության, այլ ոչ թե միակողմանի գործողությունների և նախապայմանների հիման վրա:
-----
Սիրիան տոնում է Բաշար ալ-Ասադի վերընտրվելը երկրի նախագահի պաշտոնում: Արաբական Հանրապետության խորհրդարանի խոսնակի փոխանցմամբ՝ Ասադը վերընտրվել է ձայների 95.1 %-ով: Քվեարկությանը մասնակցել է ավելի քան 14 միլիոն քաղաքացի՝ ընտրելու իրավունք ունեցողների 78 տոկոսը: Հազարավոր մարդիկ Օմեյանների հրապարակում մինչև լուսաբաց շնորհավորել են միմյանց՝ ընտրությունների արդյունքների կապակցությամբ և տոնախմբություններ կազմակերպել: Բաշար ալ-Ասադը նախագահ է ընտրվել 2000, 2007 և 2014 թվականների ընտրություններում:
-----
4 ամսվա ընթացքում Թուրքիայում 14 լրագրողի նկատմամբ հետաքննություն է սկսվել, 213 լրագրող դատարանի առաջ է կանգնել և 20 լրագրող դատապարտվել է 57 տարի 10 ամիս ազատազրկման: Այս տարվա առաջին 4 ամսվա համար Թուրքիայում մամուլի և խոսքի ազատության ոտնահարումների վերաբերյալ զեկույց է հրապարակվել: Զեկույցի համաձայն՝ Թուրքիայում մամուլի և խոսքի ազատության վիճակը վատթարացել է մասնավորապես 2016 թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո և շարունակվում է մինչև այսօր: Անդրադարձ է կատարվել նաև ՄԻԵԴ-ի վիճակագրական և «Լրագրողներ առանց սահմանների» հրապարակած տվյալներին: