Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունը ֆլեգվի ցեղատեսակի երինջներ է ներկրել Ավստրիայից: Տոհմային տնտեսությունները մատչելի պայմաններով հորթերը կտրամադրեն ֆերմերներին, որ բարելավվի տեղական նախիրը:
Տիգրան Առստամյան (Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի տեղակալ) - Այն ֆերմերները, ովքեր ցանկություն կհայտնեն դրսից ներկրել ցեղային կենդանիներ, նրանց համար գործելու են այդ արտոնյալ պայմանները, և պետության կողմից սուբսիդավորվելու է արժեքի 50 տոկոսը:
Մասնագետների խոսքով՝ այս ցեղատեսակը հեշտ է ընտելանում: Տեղական կովկասյան գորշի հետ խաչասերելով՝ գյուղացիական տնտեսություններն ունենում են եկամտաբեր անասուններ:
Արման Օհանյան (Սմարթ ագրոընկերության տնօրեն) - Կառավարման տեսակետից՝ ինքը հեշտ կառավարելի է և դիմացկուն ցեղ է: Նշեմ, որ երկակի նշանակություն ունի՝ և՛ միս, և՛ կաթ:
Պետական մեկ այլ ծրագրով Արցախի կառավարությունն աջակցում է սպանդանոցներ, անասնաբուծական մթերքի վերամշակման արտադրամասեր և անասնաշենքեր կառուցողներին կամ նորոգողներին: Սուբսիդավորվում է կատարված ծախսի 15-50 տոկոսը:
Ռադիկ Գևորգյան (Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ) - Անասնաբուծության վարման ինտենսիվ տեխնոլոգիաների ներդրում, գյուղական բնակավայրերում անասնաբուծության զարգացման և վերամշակման նոր ձեռնարկությունների ստեղծման համար նպաստավոր պայմանների ստեղծում, անասնաբուծական մթերքի ինքնաբավության մակարդակի բարձրացում, բակային մորթից աստիճանաբար անցում դեպի սպանդանոցայի մորթ՝ արտադրելով որակյալ և անվտանգ մսամթերք:
Անաստաս Առստամյանը Մարտունու շրջանի Աշան գյուղից է: Որոշել է վերակառուցել անասնաշենքը, որ ձմռանը կարողանա պահել մինչև 300 գլուխ խոզ: Մասնագիտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:
Անաստաս Առստամյան (ֆերմեր) - Պիտի օգտվենք ծրագրից, որ կարողանանք բավարարել: Տարածքներ ենք կորցրել, պահողները քչացել են, տեղ չկա պահելու, դրա համար:
Բուսաբուծության համալիր զարգացման նպատակով գործադիրը խրախուսում է այգեգործությունն ու բանջարաբուծությունը: Վիլեն Ավետիսյանի խոսքով՝ վերանայվել է նաև ջերմատներին տրվող աջակցության չափը:
Վիլեն Ավետիսյան (Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի տեղակալ) - Արդեն փաստացի հիմնված նորատունկ այգիների տնկիների արժեքի փոխհատուցում՝ նվազագույնը սկսած 0,5 հեկտարից, առավելագույնը մինչը 10 հեկտար մակերեսով: Հիմնական բոլոր պտղատեսակները, որոնք մշակվում են մեր հանրապետության տարածքում, ընդգրկված են ծրագրի մեջ: Եվ յուրաքանչյուր պտղատեսակի համար սահմանված է իր փոխհատուցման արժեքը, բայց ոչ ավելի, քանի 1000 դրամ՝ մեկ տնկու դիմաց:
44-օրյա պատերազմի հետևանքով Արցախը կորցրել է մոտ 95 հազար հեկտար վարելահող: Նաև սա է պատճառը, որ նախարարությունը հորդորում է զբաղվել բարձրարժեք գյուղատնտեսությամբ: