Առաջին անգամ մագիստրոսական ծրագրով ԱԹՍ-ի, ինքնակառավարվող մեքենաների, ռոբոտների նախագծման, մշակման, արտադրման մասնագետներ կկրթեն: Հայ-ռուսական համալսարանում նոր ուսումնական տարվանից կսկսեն ինտելեկտուալ համակարգերի և ռոբոտատեխնիկայի, անլար հաղորդակցության և սենսորների մասնագետներ պատրաստել: 2022-ից էլ կկրթեն ավիատիեզերական ճարտարագետների:
Արման Դարբինյան (Հայ-ռուսական համալսարանի մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի վարիչ) - Մագիստրոսական ծրագիրը լուծելու է իր առաջ դրված խնդիրը, միասին կկարողանան ամբողջական խնդիր լուծել՝ նախագծումից մինչև արտադրություն:
Այս մասնագիտություններով 25 ուսանողի անվճար սովորելու հնարավորություն կընձեռվի: Որ սովորելու ընթացքում աշխատելու մասին չմտածեն, միջազգային գործընկերների օգնությամբ լավագույն ուսանողներին մինչև 200.000 դրամ կրթաթոշակ կտան: Ընդունելության մրցույթին կարող են մասնակցել բնագիտական հոսքի բակալավրները: Դասերը երկլեզու կլինեն՝ անգլերեն և ռուսերեն: Դիմումների ընդունման վերջնաժամկետն էլ հունիսի 14-ն է:
Արման Դարբինյան - Ընդունվելուց պետք է հանձնեն քննություն՝ օտար լեզու և մաթեմատիկա, ֆիզիկա: Առաջին ուղղվածության հետ կապված ինտելեկտուալ համակարգերի հետ կապված շեշտադրումը լինելու է մաթեմատիկան, երկու ուղղվածությունը՝ կապի ոլորտը, ֆիզիկան, արդյունքում ընդունվողների համար կազմակերպելու ենք ամառային դպրոց:
Մագիստրոսական ծրագրերը համալսարանի մասնագետները մշակել են հայկական և միջազգային մի շարք առաջատար բուհերի ու կազմակերպությունների հետ: Դասավանդելու են ոլորտի առաջատար մասնագետները, ոչ միայն Հայաստանից: Ծրագրի հեղինակները վստահ են՝ նոր որակի կրթությամբ նոր թափ կհաղորդեն Հայաստանում տեխնոլոգիական արդյունաբերության զարգացմանն ու կլրացնեն ԱյԹի ոլորտում մասնագետների բացը:
Արամ Բաղյան («Իմփրուվիս էյըրսփեյս ընդ դիֆենս» ընկերության տնօրեն) - Նման մասնագետների առկայությունը Հայաստանում թույլ կտա թռիչքաձև զարգացնել ուղղությունը ոլորտում, հնարավորություն կտա դրսի կազմակերպություններում մարդկային բազա ունենալ ու ներդրումներ անել:
Լուծվել է նաև գործնական պարապմունքների հարցը: Ուսանողները պրակտիկան կանցնեն ոլորտում գործող կազմակերպություններում, որտեղ ուսանողները կմասնակցեն ԱԹՍ և այլ ինտելեկտուալ համակարգերի նախագծման և մշակման աշխատանքներին։
Սևակ Սարգսյան (Հայ-ռուսական համալսարանի ծրագրավորման ամբիոնի վարիչ) - Աշխատանքով ապահովման խնդիր չի առաջանա, առաջին սեմեստրից հետո այդ մարդկանց սկսելու են գողանալ իրարից: Ունենք համագործակցության ֆորմատ, կազմակերպությունը իրա աշխատակցին է ուղարկում սովորելու կամ ապահովում է կրթաթոշակը՝ պայմանով, որ ուսանողը իր մոտ աշխատելու է:
Ծրագրի հաջողության դեպքում մտադիր են նաև ԱԹՍ-ի, ռոբոտների նախագծման, գործարկման ու կառավարման մասնագետներ պատրաստել նաև բակալավրիատում: