Մինչև 14 տարեկան երեխաներն այլևս չեն կարողանա աշխատել: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառում է Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրինագիծ: Նախագծով սահմանվում են աշխատող երեխաների օրական և շաբաթական առավելագույն աշխատաժամերը:
Ժորա Սարգսյան (աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ) - Եթե գործող կարգավորումների համաձայն՝ 14-16 տարեկան երեխաները կարող են աշխատել շաբաթական մինչև 24 ժամ, ապա նախագծով առաջարկվում է, որ 14-15 տարեկան երեխաները կարող են աշխատել օրական ոչ ավելի, քան 2 ժամ, իսկ շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան 10 ժամ: 24 ժամ շաբաթական կարող են աշխատել 16 տարեկան երեխաները, բայց պարտադիր շեշտադրվելով, որ այդ աշխատաժամերը չեն կարող համընկնել պարտադիր կրթության համար նախատեսված ժամերի հետ:
Փոփոխություններ կատարելիս հաշվի է առնվել սոցիալական իրավունքի եվրոպական հանձնաժողովի 2019 թվականի եզրակացությունն այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում իրավիճակը չի համապատասխանում վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի պահանջներին:
Ժորա Սարգսյան - Հայաստանի Հանրապետությունում ամրագրված չէ արգելք մինչև 15 տարեկան երեխաների զբաղվածությունների մասով: Այսինքն՝ մենք ունենք վավերացված Եվրոպական սոցիալական խարտիա, խարտիայով ստանձնած պարտավորություններ, սակայն մեր գործող կարգավորումները ոչ ամբողջությամբ էին համապատասխանում այդ պահանջներին:
Հայ գործատուներն անչափահասներին աշխատանք առաջարկելիս հաշվի են առնում օրենսդրության առանձնահատկությունները: Մանկական սրճարաններից մեկում փաստում են, որ ունեն անչափահաս աշխատակիցներ, որոնք համատեղում են աշխատանքը և ուսումը: Երեխաներն աշխատանքի են անցնում ծնողներից մեկի գրավոր համաձայնությամբ:
Անի Հակոբյան (մանկապատանեկան սրճարանի մենեջեր) - Ներկայիս դրությամբ ունենք խաղավարներ, որոնք չափահաս չեն, բայց իրենց աշխատանքային ժամերն այնպես են դասավորվում, որ չխախտեն օրենքով սահմանված աշխատանքային ժամերը և իրենց աշխատանքային ժամերը չխոչընդոտեն դպրոցական ժամերին:
Արգելվում է անչափահաս երեխաներին ներգրավել այնպիսի աշխատանքներում, որոնք կարող են վնասել նրանց առողջությանը, ֆիզիկական և մտավոր զարգացմանը, ինչպես նաև խոչընդոտել կրթություն ստանալուն: