Մենք ուզում ենք մեր երկիրն առաջնորդել խաղաղ զարգացման մի դարաշրջան և դրա համար պետք է ջանք գործադրենք: Այդ մասին Երևանի Էրեբունի վարչական շրջանում ՔՊ կուսակցության համակիրների հետ հանդիպմանն ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ խաղաղ զարգացման դարաշրջան ունենալու համար պետք են կոմունիկացիաների բացում, ժողովրդի ստեղծագործ ներուժի իրացում, իսկ դա, ըստ նրա, անհնար է առանց ժողովրդական լեգիտիմ իշխանության հաստատման:
«Մեզ շատ են ասում՝ ինչո՞ւ այս 3 տարում սրան չդատեցիք, նրան չդատեցիք, ես տվել եմ բացատրություններ, սակայն դրանք միշտ չէ, որ ընկալելի են ձեր կողմից: Այս ընտրությունները դատավարություն-ընտրություններ են, և նրանց, ում կարծում եք, պիտի դատեինք, չէինք դատել, դուք ինքներդ կարող եք դատել: Եթե կարծում եք՝ Քոչարյանին պիտի դատեինք, չենք դատել, այս ընտրություններին հնարավորություն ունեք ձեր դատն անել, կայացնել ձեր դատավճիռը 1999-ի հոկտեմբերի 27-ի, 2008-ի մարտի 1-ի համար, Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելու համար, ժողովրդական իրավունքն օտարելու համար և այլն: Սա վերաբերում է ոչ միայն Քոչարյանին, նաև ինձ, դուք կարող եք նաև դատել ինձ: Այս ընտրություններին մասնակցում են ՀՀ բոլոր ժամանակի ղեկավարները, և կարող եք անել օբյեկտիվ դատ, տալ ձեր օբյեկտիվ գնահատականը՝ սկսած ինձնից մինչև Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան»,- ասաց Փաշինյանը: