Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ այժմ Հայաստանի համար հրատապ խնդիր է սահմանին տիրող իրավիճակի հանգուցալուծումը: Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի նախընտրական շտաբում կուսակցության համակիրների հետ հանդիպմանն ընդգծեց՝ հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում առկա լարվածությունն արագ թոթափելու հնարավորություն կա:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետի պաշտոնակատար - Վերջին օրերին մեր մի շարք գործընկերներ հանդես են եկել հայտարարություններով: Ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի երեկ տարածած հայտարարության վրա: Ուզում եմ ասել, որ ողջունում եմ այդ հայտարարությունը, այնտեղ ներկայացված քայլերի տրամաբանությունն սկզբունքորեն ընդունելի է մեզ համար:
Փաշինյանը շեշտեց՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ըստ էության, կոչ են արել անհետաձգելի քայլեր ձեռնարկել սահմանային լարվածությունը նվազեցնելու համար: Առաջարկվել է, որպեսզի կողմերն իրենց զորքերը հետ քաշեն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աջակցությամբ իրականացվի սահմանային ճշգրտման աշխատանք:
Նիկոլ Փաշինյան - Մենք պատրաստ ենք սկսել զորքերի հետքաշման գործընթացը և սպասում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահները համապատասխան պայմանավորվածություն ձեռք բերեն Ադրբեջանի հետ, որպեսզի միաժամանակ սկսենք զորքերի հետքաշումը: Պատրաստ ենք համանախագահության շրջանակներում լիարժեք վերականգնել բանակցային գործընթացը՝ Ղարաբաղի հարցը կարգավորելու նպատակով:
Փաշինյանը կարևորեց նաև այն, որ համանախագահության հայտարարության մեջ կա անդրադարձ նաև գերիների հարցին: Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց Պաշտպանության նախարարության հայտարարությունները. եթե ողջամիտ ժամկետներում Ադրբեջանի զորքերի դուրսբերումը տեղի չունենա, զինված ուժերը պատրաստ են համապատասխան օպերացիա իրականացնել մեր տարածքի պաշտպանության համար:
Նիկոլ Փաշինյան - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն առաջարկել են հրաժարվել ուժի կիրառման սպառնալիքից՝ այս խնդրի լուծման համատեքստում: Կրկին ուզում եմ ասել, որ էսկալացիան նվազեցնելու տրամաբանությամբ սպասում ենք այդ ազդակին, որից հետո համապատասխան միջոցառումներ կձեռնարկվեն:
Փաշինյանը շեշտեց՝ շատերը փորձելու են դեմարկացիայի և դելիմիտացիայի հնարավոր գործընթացն օգտագործել մարդկանց վախեցնելու համար: Ըստ Փաշինյանի՝ տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակմանբ ևս մարդկանց վախեցնելու փորձեր են արվում, իսկ Հայաստանի տնտեսության զարգացումը, ըստ նրա, մեծապես կապված է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հետ:
Նիկոլ Փաշինյան - Այս թեմայի շուրջ վերջերս բոլորովին այլ բան տեղի ունեցավ, երբ Հնդկաստանն Իրանի Իսլամական Հանրապետությունում ստանձնեց մի նավահանգստի շահագործումը: Նկատի ունեմ՝ Մեղրիի թեման, որը շատ է քննարկվում:
Կոմունիկացիաների բացումը, Փաշինյանի կարծիքով, հնարավորություն կընձեռի ստեղծել պղնձաձուլարան և արտահանել ձուլակտորները:
Նիկոլ Փաշինյան - Հայաստանի ունեցած ամենածավալուն բնական պաշարի գները ռեկորդներ են սահմանում, և հիմա արդեն պղնձի 1 տոննան հատեց 9 հազար դոլարի սահմանը: Հետևաբար, մարդիկ կունենան աշխատատեղ:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին՝ Փաշինյանը կրկին հիշեցրեց 2018 ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանի ասածները, որ բանակցային գործընթացն, ըստ էության, փակուղում է և լավատեսություն չի ներշնչում: Նախապատերազմական իրավիճակում ստանձնելով իշխանությունը, ինչպես Փաշինյանը պնդեց, փորձել են գործընթացը դուրս բերել փակուղուց, բացի այդ՝ անել առավելագույնը, որ Հայաստանը պատրաստվի պատերազմի:
Նիկոլ Փաշինյան - Հիմա եղավ, որ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի բանակցային տակտիկան եղել է հետևյալը՝ Ադրբեջանին տալ հույս, որ այս ամենը բանակցային ճանապարհով կստանա: Եվ ասեմ ձեզ, հասել են այդ նպատակին, որովհետև 2018 թվականի բանակցային իրավիճակում նույնիսկ այն, ինչ Սերժ Սարգսյանը համարում է ընդունելի, դա, ըստ էության, Ադրբեջանի հույսերի արդարացումն է, որ բանակցային ճանապարհով նա կստանա 7 շրջանները և Ղարաբաղը: Եվ նրանից առաջ բանակցողն էլ ինքն է խոստովանում, որ տակտիկան եղել է հույս տալը, որ Ադրբեջանը կստանա այն, ինչ ուզում է:
Փաշինյանը հարց հնչեցրեց՝ թող այդ դեպքում ասեն, թե Ադրբեջանն իրենց ի՞նչ հույս է տվել:
Նիկոլ Փաշինյան - Եթե բանակցային կողմն ասում է, որ մենք պետք է դիմացին հույս տանք, տրամաբանական է, որ դիմացինն էլ պետք է մեզ հույս տար: Ինչի՞ հույս է տվել մեզ Ադրբեջանը: Միակ տարբերակը, որտեղ այս հույսի տրամաբանությունը կարող էր գործել, դա հետևյալն է, որ քննարկվել է Մեղրին փոխանակել Ղարաբաղի հետ: Այսինքն՝ դա՞ է հույսը: Կարծում եմ, որ այդ մարդիկ իրենց հայտարարությունների համար պետք է պատասխան տան:
Ավան վարչական շրջանի կուսակցության շտաբում Փաշինյանն անդրադարձավ ներքաղաքական հարցերի: Հայտարարեց՝ հունիսի 20-ին կայանալիք Արտահերթ խորհրդարանական ընտրություններում ակնկալում են ստանալ ընտրողների քվեների 60 տոկոսը:
Նիկոլ Փաշինյան - Սա անհրաժեշտ է, որպեսզի մենք խաղաղ զարգացման դարաշրջանը բացենք, որովհետև մեզ պետք չեն այլ սցենարներ: Որպեսզի ժողովրդական մանդատի որևէ վիճարկում տեղի չունենա, շատ կարևոր է, որ ընտրողների 60 տոկոսը քվեարկի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին: Եվ մենք խնդրում ենք, հորդորում ենք, կոչ ենք անում մեր քաղաքացիներին գնալ և վերահաստատել իշխանության մանդատը, որովհետև դա իրենց իշխանության մանդատն է:
Համախոհների հետ հանդիպմանը Փաշինյանը մանրամասն ներկայացրեց, թե ինչ խնդիրներ են լուծել վերջին երեք տարում: Բարձրացվել է թոշակ, նպաստ, աշխատավարձ: Էականորեն աճել է գրանցված աշխատողների թիվը, ավելացել են աշխատատեղերը, կառուցվել են ճանապարհներ, վերացել է մենաշնորհը: