Մայիսի 25-26-ին Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի այցը նախ՝ Բաքու, իսկ ապա նաև՝ Երևան, հատկանշական էր երկու պատճառով։ Դրանից առաջինը, բնականաբար, հայ-ադրբեջանական սահմանին Բաքվի սադրանքների ու դրանց հնարավոր ռիսկերի գնահատումն էր։ Երկրորդ պատճառը, ըստ էության, բխյալ էր առաջինից՝ այցը նախապես պլանավորված չէր։ Կա նաև երրորդ հանգամանք, սակայն այդ մասին գոնե բացահայտ չխոսվեց։
Խնդիրը վերաբերում է Հարավ-հյուսիս տրանսպորտային միջանցքին, իսկ ավելի կոնկրետ՝ մեկ «տարօրինակ» հանգամանքի. «միջանցքի» հետ կապված ցանկացած զարգացում, լինի իրանական պատվիրակության, թե Վրաստանի վարչապետի այց, գրեթե անմիջապես հանգեցնում է Ադրբեջանի կողմից սահմանային սադրանքների կազմակերպման, ինչը փորձագետներից շատերին արդեն թույլ է տվել եզրակացնել, որ Բաքվի գործողությունները, մասնավորապես, Սյունիքում, կարճաժամկետ կտրվածքով ունեն միայն ու բացառապես մեկ նպատակ՝ տապալել «միջանցքի»՝ Հայաստանով անցնելու ծրագրերը։ Այս համապատկերում հատկանշական է, որ Իրանը ոչ միայն չի պատրաստվում հետ կանգնել իր մտադրություններից, այլև առիթից առիթ ավելի է խստացնում հռետորաբանությունը՝ պնդելով, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն այն կարմիր գիծն է, որից անդին որևէ մեկին անցնել թույլատրված չէ։ Ի դեպ, այս համատեքստում չափազանց հատկանշական էր, որ Զարիֆի այցին զուգահեռ Բաքուն, ի տարբերություն նախորդ դեպքերի, իրավիճակը Սյունիքում չլարեց, ինչը, հավանաբար, Զարիֆի ու Իլհամ Ալիևի միջև ենթադրվող շատ կոշտ խոսակցության հետևանք կարող էր լինել:
Հասկանալի է, սակայն, որ բանակցությունների օրակարգը թելադրված էր նաև այն ծրագրերով, որոնք ոչ միայն Իրանի, այլև Հայաստանի համար կենսական կարևոր նշանակություն ունեն։ Խոսքը, կրկնենք, Հարավ-հյուսիս տրանսպորտային միջանցքի մասին է, որի շուրջ իրանական կողմը բավական ինտենսիվ աշխատում է Երևանի հետ, և, գոնե Զարիֆի խոսքից դատելով, արդեն կան առարկայական պայմանավորվածություններ։ Մասնավորապես, Զարիֆը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում նախ ընդգծեց, որ Իրան-Նախիջևան-Հայաստան երկաթգիծը Իրան-Հայաստան տնտեսական գործակցությունը կբարձրացնի նոր մակարդակի, շեշտեց ազատ տնտեսական գոտու առկայությունն ու դրա ընձեռած հնարավորությունները և պնդեց, որ առաջիկայում Իրանը կմեծացնի Սյունիքում իր տնտեսական ներկայությունը: Առանձին-առանձին այս բոլոր թեմաները, անշուշտ, շատ կարևոր են, սակայն այս ուղղությունների համակցումը հուշում է, որ Թեհրանը անշեղ ու չափազանց լուրջ մտադրություններ ունի և, Արևմուտքի պատժամիջոցների գերակշիռ մեծամասնության չեղարկվելուն զուգահեռ, փորձելու է իր հյուսիսային սահմանին ունենալ հուսալի և, որ գոնե Թեհրանի համար ամենակարևորն է, Թուրքիայի կամ Բաքվի քմահաճույքներից չկախված ուղի: